Հայաստանում 2022 թվականի «Լավագույն ուսանող» անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ, մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 1-ին տեղը զբաղեցրել են 13 ուսանողներ, որոնց կշնորհվի 458.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանողներ, որոնք կստանան 348 000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 ուսանողների կշնորհվի 233 000-ական դրամ կրթաթոշակ:

Մրցույթն անցկացվել է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հետևյալ ոլորտներում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ:

Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթն անցկացվում է համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի։

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: