Անցյալ տարի սննդամթերքի մեծ մասի գների աճը ՄԱԿ-ի Պարենի գործակալության միջին գների ինդեքսը հասցրեց ռեկորդային ամենաբարձր մակարդակին, հաղորդում է Reuters-ը:
Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային ապրանքների գների ինդեքսը, որը հետեւում է աշխարհի ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գներին, 2022 թվականին միջինը կազմել է 143,7 կետ, ինչը 14,3 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, եւ ամենաբարձրն է 1990 թվականին գրանցման մեկնարկից ի վեր:
2021 թվականին ինդեքսն արդեն աճել է 28%-ով նախորդ տարվա համեմատ, քանի որ համաշխարհային տնտեսությունը վերականգնվել է համավարակի հետեւանքներից։
Դեկտեմբերին հենանիշային ինդեքսը ընկավ իններորդ ամիսն անընդմեջ մինչեւ 132,4 կետ՝ նոյեմբերի 135,00 կետի վերանայված ցուցանիշի համեմատ: Նոյեմբերի ցուցանիշը նախկինում 135,7 միավոր էր կազմում։
«Մենք ողջունում ենք սննդամթերքի ավելի հանգիստ գները երկու շատ անկայուն տարիներից հետո»,- ասել է FAO-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն:
FAO-ի տվյալներով՝ դեկտեմբերին ինդեքսի անկումը պայմանավորված է բուսական յուղերի համաշխարհային գների անկմամբ, ինչպես նաեւ հացահատիկի եւ մսի գների որոշակի անկմամբ, սակայն այն մեղմվել է շաքարավազի եւ կաթնամթերքի գների աննշան աճով։
Այնուամենայնիվ, ամբողջ 2022 թվականի համար FAO -ի հինգ պարենային ենթաինդեքսներից չորսը՝ հացահատիկ, միս, կաթնամթերք եւ բուսական յուղեր, հասել են ռեկորդային բարձր մակարդակի, իսկ շաքարավազը հասել է 10 տարվա առավելագույնին:
FAO-ի հացահատիկի գների ինդեքսը 2022 թվականին աճել է 17,9%-ով, ինչը պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են շուկայի զգալի խափանումները, էներգիայի եւ ներդրման ավելի բարձր ծախսերը, եղանակային անբարենպաստ պայմանները եւ պարենի համաշխարհային մեծ պահանջարկը:





























