Wells Fargo բանկային հսկայի նախկին մենեջերը ձերբակալվել է Հնդկաստանում, նա մեղադրվում է Air India-ի չվերթում ուղեկից կնոջ վրա միզելու պատճառով, տեղեկացրել է AFP-ն։

Հնդկաստանում բանկի գործառույթների գծով փոխնախագահ Շանկար Միշրան իշխանություններից թաքնվում էր այն բանից հետո, երբ տարեց կինը բողոքել էր ավիաընկերության ղեկավարությանը նոյեմբերյան միջադեպի առիթով։

ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Միշրան անջատել էր հեռախոսը, բայց կապի մեջ է մնացել ընկերների հետ սոցիալական ցանցերով եւ տրանզակցիաներ է կատարել Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մայրաքաղաք Բանգալորում վարկային քարտով, ինչը մատնել է նրա գտնվելու վայրը։ Հաղորդագրություններում նշվել է, որ նրան հասցրել են մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ ոստիկանությունը հետաքննում է մեղադրանքը։

Դելիի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է AFP-ին, որ Միշրան ձերբակալվել է՝ այլ մանրամասն չհաղորդելով։

Wells Fargo-ն ուրբաթ տեղեկացրել էր, որ իր աշխատակիցն ազատվել է պաշտոնից այն բանից հետո, երբ հայտնի են դարձել «խորապես տագնապեցնող» մեղադրանքները։

Տեղեկացվել է, որ Միշրան հարբած է եղել նոյեմբերի 26-ին Նյու Յորքից Նյու Դելի թռչելիս, երբ նա, իբր, իջեցրել է շալվարի շղթան եւ միզել բիզնես դասում նստած 72-ամյա կնոջ վրա։

Ավիաընկերությունը հայտարարել է, որ չի կարողացել պատշաճ ձեւով արձագանքել միջադեպին եւ վերանայում է իր քաղաքականությունը թռիչքների ժամանակ ալկոհոլ մատուցելու վերաբերյալ։

«Air India-ն ընդունում է, որ կարող էր ավելի լավ լուծել այս հարցերն ինչպես օդում, այնպես էլ երկրի վրա, եւ պատրաստ է միջոցներ ձեռնարկել»,- ասել է գործադիր տնօրեն Քեմպբել Ուիլսոնը։