Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ իր երկրի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով են զարգանում, սակայն «որոշ անհարթություններ» կան։
«Քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, քանի որ մենք գտնվում ենք միեւնույն ռազմաքաղաքական բլոկում՝ ՀԱՊԿ-ում։ Այո, կան անհարթություններ, սակայն պետք է անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի դրանք ապագայում հաղթահարվեն, եւ հարաբերություններ կառուցվեն նաեւ միջազգային ասպարեզում»,- ասել է Լուկաշենկոն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է AFN.by-ը։ Լուկաշենկոյի խոսքով, երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ են զարգանում։
Նա նշել է, որ վերջին տարիներին երկրներին հաջողվել է հաղթահարել մի շարք խնդիրներ, որպեսզի առեւտրատնտեսական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա դրվեն։ «Մի քանի տարի առաջ տնտեսական համագործակցություն, որպես այդպիսին, չկար։ Պարզվում է՝ աշխարհում բարի մարդիկ կան։ Մենք համագործակցելու ճանապարհներ ենք գտել, մարդկանց, գործարարների, ովքեր գլխավորել են այդ գործընթացը»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Հայաստանի ԱԳ նախարարն իր հերթին նկատել է, որ իր այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային բնույթի հարցեր։ «Մենք ամենաբարձր մակարդակով սատարում ենք քաղաքական երկխոսությանը»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ծագող խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են։ Նա նաեւ հայտնել է, որ իր այցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարությունները նախատեսում են 2011-2012 թվականների համագործակցության պլան ստորագրել։




























