ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տեխասի նահանգ կատարած այցի ժամանակ «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը շփոթել է ԱՄՆ Գաղտնի ծառայության հետ, տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը տարածել է տեսագրություն, որտեղ  ԱՄՆ նախագահը զրուցում է «Փրկության բանակի» ներկայացուցչի հետ կիրակի օրը Մեքսիկայի սահմանին գտնվող Էլ Պասո կատարած այցելության ընթացքում։ Բայդենն ասում է. «Ես որոշ ժամանակ Գաղտնի բանակի հետ անցկացրել եմ Լեհաստանում եւ Ուկրաինայում»։ Հետո կրկնում է «Գաղտնի ծառայություն» արտահայտությունը։ ԱՄՆ վարչակազմի ղեկավարին զրուցակցի մոտ էին տարել «Իսկ այստեղ «Փրկության բանակի» տղաներն են» ասելով։

«Փրկության բանակը» քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, տեղակայվում է Լոնդոնում։

Գաղտնի ծառայությունը, որը վերջին տարիներին գործում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կից, ապահովում է առաջին հերթին երկրի բարձրագույն ղեկավարության եւ ԱՄՆ տարածքում գտնվող օտարերկրյա ղեկավարների պահպանությունը։ Մինչեւ 2003թ. այդ հատուկ ծառայությունը, որն ունի դաշնային իրավապահ մարմնի կարգավիճակ, մտնում էր ԱՄՆ ֆինանսների նախարարության կառուցվածքի մեջ։  Դա բացատրվում էր նրանով, որ Գաղտնի ծառայությունը ստեղծվել էր 1865թ. ԱՄՆ ազգային արժույթի կեղծման դեմ պայքարի համար, բայց հետագայում նրա գործառույթները զգալիորեն ընդլայնվել են։ Գաղտնի ծառայությունը հիշատակելով՝ Բայդենը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել իր այցը Լեհաստան 2022թ. մարտին եւ իր պահպանության ապահովումն այնտեղ։ Բայց Ուկրաինայի տարածք ԱՄՆ նախագահն այդ ժամանակ, ինչպես բազմիցս հայտարարել է ամերիկյան կառավարությունը, չի մտել։

Բայդենն անցած կիրակի, նախագահի պաշտոնին գտնվելու մոտ երկու տարվա ընթացքում առաջին անգամ, այցելել է Միացյալ Նահանգների հարավային սահման եւ եղել Էլ Պասոյում, որպեսզի տեղում ծանոթանա այն միջոցներին, որոնք կիրառվում են ամենասուր իմիգրացիոն ճգնաժամի հաղթահարման նպատակներով։ Այդտեղից Սպիտակ տան ղեկավարն ուղեւորվել է Մեխիկո, որտեղ տեղի է ունենում Կանադայի, Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հերթական պլանային հանդիպումը, ինչպես նաեւ նրանց բանակցությունները երկկողմ ձեւաչափերով։