«Այս պահին ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը դժվարություններ կառաջացնի և հիմա ճիշտ պահը չէ: Ճանաչումը պետք է լինի մեր դիվանագիտական զինանոցում և պետք է օգտագործվի այնպիսի պահի, որ կունենա մաքսիմում արդյունավետություն»,- հայտարարել է «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Ստեփանակերտում ՀՅԴ նախաձեռնությամբ ԼՂ խնդրին նվիրված խորհրդաժողովի ժամանակ: «Կա մի փամփուշտ և մեկ թշնամի, պետք է այդ փամփուշտը ճիշտ կրակել, որ դիպուկ լինի»,-ասել է նա ու ընդգծել, որ Ադրբեջանի համար բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, իսկ Հայաստանի համար, դա այսօր ստատուս քվոյի պահպանումն է: «Մեր այլընտրանքը Ադրբեջանին հետաքրքիր չէ, Ադրբեջանի այլընտրանքը մեզ մտահոգում է: Կարծում եմ մեր այլընտրանքը պետք է փոխել և միջազգային հանրությանը հասկացնել, որ եթե բանակցություններով ինչ-որ բան չի ստացվում, Հայաստանի այլընտրանքը կլինի ճանաչումը: Այսպիսի ձևակերպումներ հուշել ճանաչման մասին օգտակար է, բայց այս պահին գնալ ճանաչմանը, կարծում եմ իրավիճակը ավելի կբարդացնի»,- կարծիք է հայտնել Օսկանյանը:
Այնուհետեւ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, նա մտահոգիչ է համարել ժողովրդավարության բացակայությունը, վատ ընտրություններն ու մարտի 1-ը: «Այս ամենը բարդ իրավիճակ է ստեղծել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հասարակությունը բաժանված է, այսօր կա վստահության խնդիր` հասարակության եւ իշխանությունների միջեւ»,- նշել է նա: Հիշեցնենք, որ մարտի 1-ին իշխանությունների գործողություններում իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաեւ Վարդան Օսկանյանը:



















