Քաղաքական ուժերի մեծամասնությունը, որոնք ներկայացնում են Հայաստանի ԱԺ-ը, կողմ են որ խաղարարներին Աֆղանստան ուղարկեն: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար,Դաշնակցության խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը, տվյալ հարցը պետք է քննարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:

«Երբ կառավարությունը կներկայացնի իր հիմնավորումները, այդ ժամանակ մենք կտեսնենք, թե որքան նպատակահարմար է դա, բայց Հայաստանը ժամանակին միացել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարող մի շարք համաձայնագրերի, եւ դա պարտավորեցնում է նրան մասնակցել այդ գործնթացին: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Աֆղանստանին, ապա այդ հարցը պետք է մանրամասն քննարկվի: Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե զինծառայողին ուր են տանելու: Եվ միայն այդ հարցերի քննարկումից հետո մենք կարող ենք տալ մեր վերջնական պատասխանները»,-հայտարարել է նա:

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը նպատակահարմար է գտել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մասնակցի միջազգային անվտանգությունը ապահովող առաքելություններին:

«Հայաստանը պետք է իր լուման ներդնի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,-հայտարարել է նա:

Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ իրենք դրական են վերաբերում Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ առաքելություններին: Նրա խոսքով, այդ հանգամանքը Հայաստանի իմիջի բարձրացման եւ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության խորացման խթան կհանդիսանա:

Իր գործընկերների դիրքորոշումները չկիսեց միայն «Ժառանգություն»կուսակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, որի կարծիքով՝ նման միջոցառումներին Հայաստանի մասնակցությանը պետք է բացասաբար արձագանքել:

«Նամանավանդ, Աֆղանստանի դեպքում պետք է ավելի զգույշ լինել, քանի որ շատ երկրներ այնտեղից արդեն հանում են իրենց զորակազմերը»,-հայտարարել է նա:

Նշենք, որ հայ խաղաղապահները կմեկնեն Աֆղանստան, որտեղ իրենց վերահսկողության տակ կվերցնեն Կունդուե օդանավակայանը: Ինչպես Երեւան-Բրյուսել հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, հայ զորակազմը ակտիվ ռազմական գործողություններին չի մասնակցի: Ներկա պահին ընթանում է Աֆղանստանի անվտանգության ապահովման համար Հայաստանը միջազգային ուժերին միացնելու համաձայնության գործընթացը:

ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը ընդգծել է, որ Աֆղանստանի անվտանգությունը եւ կայունությունը բոլորի խնդիրն են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությունը բարձր էր գնահատվել, եւ Հայաստանը որոշել է ընդլայնել իր մասնակցությունը Աֆղանստանում: Դա, նրա կարծիքով, մեր երկրի լուման կլինի միջազգային անվտանգության ապահովման համար եւ կխթանի Հայաստանի զինված ուժերի զարգացմանը: Նշենք, որ Աֆղանստանի անվտանգության ապահովմանը հայ խաղարարների մասնակցության համաձայնությունը կնքվել է Գերմանիայի բանակցությունների շրջանակներում: Ավելի վաղ, հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ մինչեւ այս տարվա վերջ հայ խաղարարները կմեկնեն Աֆղանստան: Իսկ նրանց գնալու վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Հայաստանի խորհրդարանը: