Միավորված Ազգերի Կազմակերպության ժնեւյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 22-ին այցելել է Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհուրդ, որտեղ հանդիպել է Ժնեւ քաղաքի խորհրդի նախագահ Դանիել Հիլերի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Ազնավուրն անդրադարձել է ՄԱԿ-ում Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող խնդիրներին` բարձր գնահատելով շվեյցարահայ համայնքին Ժնեւ քաղաքի եւ կանտոնի իշխանությունների կողմից ցուցաբերվող ջերմ ու բարեկամական վերաբերմունքը: Խորհրդի նախագահն ընդգծել է հայ համայնքի եւ առանձին անհատների գործունեությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը եւ այդ առնչությամբ կողմերի հետագա անելիքներին:
Դեսպան Ազնավուրը գրառում է կատարել Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհրդի պատվավոր հյուրերի գրքում:




























