Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հոկտեմբերի 27-ին սկսվել է հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու առաջադրումների փուլը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը, այս պահի դրությամբ, առաջադրվել են Հայաստանի գլխավոր մարքսիստը՝ Դավիթ Հակոբյանը՝ կուսակցության կողմից, եւ անկուսակցական Էդուարդ Մադաթյանը՝ ինքնաառաջադրմամբ:
Ի դեպ, մարքսիստն առաջադրվել էր նաեւ թիվ 8 ընտրատարածքում, բայց վերջին պահին չէր ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ Էդուարդ Մադաթյանը Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախկին նախարարն է, եւ խնամիական կապեր ունի Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ:
Թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո:
Որոշ տեղեկություններով, այդ ընտրատարածքում առաջադրվելու են նաեւ Վահան Բաբայանը՝ ՄԻԱԿ-ից, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը՝ Առաջադիմական կուսակցությունից, եւ Սուրեն Սուրենյանցը՝ «Հանրապետություն» կուսակցությունից:




























