Վաշինգտոնը հաստատակամորեն պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական մի հանգուցալուծման հանգելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ջանքերը, քանզի դրանից կշահեն ոչ միայն այդ երկու երկրները, այլեւ տարածաշրջանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը՝ Բաքու կատարած կարճատեւ այցի ընթացքում։
«Մենք շատ ոգեւորված ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված վերջին հաջող առաջընթացով։ Համանախագահներ նախորդ շաբաթվա հանդիպումներից հետո եւ նախագահների հաջորդ շաբաթ սպասվող Մոսկվա այցից առաջ հակամարտությունը կարգավորելու իրական հնարավորություն ենք տեսնում», հայտարարել է Սթեյնբերգը։ Պետքարտուղարի տեղակալի խոսքերով, Ադրբեջան իր այցի նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկումն էր։
Ըստ ամերիկացի դիվանագետի, ինքը Ադրբեջանի նախագահի ու կառավարության կողմից տեսնում է կառուցողական ջանքեր։ Երկու կողմերից էլ նման կառուցողական կեցվածքը երաշխիք է դառնում, որ երկու ժողովրդի շահերն էլ հաշվի կառնվեն։ Հիշեցնենք, որ Սթեյնբերգը այսօր Բաքվից ուղեւորվել է Երեւան, որտեղ նա կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ։



























