«Ես ավելի քան համոզված եմ, թե ինչ պատասխան կտա Հայաստանի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը իմ հարցին` կապված հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի կառավարության կողմից վերջերս կատարված հայտարարությունների հետ: Նա իհարկե կասի, որ այդ „վատ“ հաղորդագրությունները ուղղված են ներքին լսարանին»,-այս մասին ԱԺ-ի ամբիոնից հուզված հայտարարել է «Դաշնակցության» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Սակայն, ինչպես նա է ընդգծել, Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված երեկվա հարցազրույցը եւս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ կան:
Նման հայտարարությունների ժամանակ Երեւանի լռությունը, այն քաղաքականության շարունակությունն է, ինչը ձեւավորվել է Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ, երբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վախեցավ լսել իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը եւ նրան տալ համարժեք պատասխան: Անկախ պետության պաշտոնական անձինք նման վարք ուղղակի չպետք է դրսեւորեն,-ասել է նա:
Իր հերթին, Ժառանգություն կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Հայաստանը, ճանաչելով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, Թուրքիային այլեւս չի կարող ներկայացնել տարածքային պահանջներ: Գործը հասել է նրան, որ Դավութօղլուն իր ելույթի ժամանակ հայ ժողովրդի մասին խղճահարությամբ է խոսում, նրա ընդհանուր աղքատության մասին: Եթե Հայաստանի կառավարությունը արթնանա, ապա այդ ելույթներում կտեսնի Հայաստանի ամայացման սպառնալիքը,-հայտարարել է Մարտիրոսյանը: Նշենք, որ Թուրքիայի վարչապետը « Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների իրականացման հետագա գործընթացին։ Էրդողանի խոսքով, կառավարությունը չի պատրաստվում ժամանակացույց կազմել արձանագրությունները խորհրդարանում քննարկելու համար։ «Այդ ժամանակացույցի մասին կհայտարարեն կուսակցությունները։ Մենք պարզապես ուղարկել ենք արձանագրությունները խորհրդարանի նախագահությանը, եւ նա էլ կսկսի գործընթացը։ Ոչ մի բան փակ դռների հետեւում չի մնա։ Խորհրդարանում բոլոր հարցերի բացատրությունը կտա արտաքին գործերի նախարար Դավուդօղլուն»,- ասել է Էրդողանը։ Այնուհետ Թուրքիայի վարչապետը սահուն կերպով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության թեմատիկային. «Այդ քայլին գնալով, մենք նախապես կցանկանայինք ստանալ Մինսկի խմբի աջակցությունը։ Ես այդ մասին խոսել եմ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հետ։ Արտգործանախարար Ահմեդ Դավուդօղլուն իր հերթին էլ խոսել է ֆրանսիացի իր գործընկերոջ հետ։ Մենք նրանց խնդրել ենք արագացնել գործընթացը, քանի որ եթե Մինսկի խումբը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հակամարտությունը չհասցնի մի ինչ- որ դրական կետի, ապա դա կբարդացնի մեր գործը»-ընդգծել է Թուրքիայի վարչապետը։




























