Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն օրերս խիստ քննադատության է ենթարկել իտալացի մարզասերների որոշակի զանգվածին՝ այսպես կոչված «ուլտրասներին»։ Խոսքը երիտասարդ (եւ ոչ այնքան) տղաների ու աղջիկների մասին է, որոնք զբաղեցնում են մարզադաշտի ամենաէժան տեղերը եւ ողջ ուժով փորձում են աջակցել իրենց թիմին կամ պարզապես մասնակցել այդ արտասովոր մշակույթի քարոզչությանը։ Նրանք անպարկեշտ երգեր են երգում եւ ցուցադրում զվարճալի պաստառներ։ Այդ ամենը վատ չէր լինի, եթե միայն նրանք հաճախ չանցնեին չափը եւ շրջապատի համար չվերածվեին բեռի ու սպառնալիքի։
Իսկ ինչ վերաբերում է Կապելլոյին, ապա իտալացի մասնագետն ասել է, որ «Իտալիայում կարելի է վիրավորել ում պատահի։ Իսկ Իսպանիայում, օրինակ՝ նման բան չկա, մարդիկ միմյանց նկատմամբ մեծ հարգանք են տածում եւ կարելի է մարզադաշտ գնալ ընտանիքներով։ Այդ պատճառով էլ իտալական մարզադաշտերը հաճախ կիսադատարկ են լինում, այն դեպքում, երբ Իսպանիայում ու Անգլիայում դրանք մշտապես լեփ-լեցուն են»։




























