Թուրքիայում մի շարք ուժեղ ստորգետնյա ցնցումներից հետո Ջեյհան նավահանգստից միջազգային շուկաներ ադրբեջանական նավթի մուտքի արգելքի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախօրեին երեկոյան Ջեյհան նավահանգստում վերսկսվել է լցանավերի մեջ իրաքյան նավթի բեռնումը, որն իրականացվում է Ջեյհան-Բոտաշ տերմինալում։  

Քանի որ իրաքյան նավթի բեռնումը Ջեյհան նավահանգստից վերսկսվել է, երեկ երեկոյան իր աշխատանքն է սկսել նաեւ Քիրքուք-Ջեյհան նավթամուղը։ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը հայտնել է, որ գազատարի աշխատանքը վերականգնվել է տեղական ժամանակով ժամը 18:45-ին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից նավթի բեռնման վերականգնմանը, ապա այդ գործընթացը կարող է ավելի երկար տեւել, քանի որ դեռեւս չի հաջողվել գնահատել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) տերմինալի ստորջրյա հատվածին վերջերս տեղի ունեցած երկրաշարժի պատճառած վնասի չափը, որից «Ազերի Լայթ» տեսակի նավթը բեռնվում է լցանավերի մեջ։  British Petroleum (BP) ընկերությունը հայտարարել է, որ ադրբեջանական նավթի արտահանման վերսկսման ժամկետներն առայժմ հայտնի չեն: Նախօրեին Ջեյհան նավահանգստում իրավիճակի կապակցությամբ ընկերությունը հայտարարել է ֆորս մաժորի մասին։

Երեք առեւտրային աղբյուրների կարծիքով, որոնք ցանկացել են պահպանել անանունությունը, ԲԹՋ տերմինալի վերագործարկումը կարող է ավելի երկար լինել, քան նախկինում ենթադրվում էր: Սակայն չնայած նրան, որ ադրբեջանական նավթի արտահանումը դեռ չի հաջողվում վերսկսել, ԲԹՋ նավթամուղը շարունակում է աշխատել՝ նավթը հասցնելով Ջեյհան նավահանգստի պահեստարաններ։ Ինչպես արդեն հաղորդվել է, Բաքվի մերձակալ Սանգաչալիի տերմինալի պահեստարաններում բավականաչափ ազատ տեղ կա «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» բլոկում արդյունահանվող նավթի պահպանման համար:  

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ունի նաեւ Բաքու-Սուպսա խողովակաշար, սակայն Ուկրաինայում պատերազմի պատճառով նավթն այս պահին դրանով չի մղվում։