Կառավարությունը նախորդ տարեվերջին փոխհատուցել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի 5 ընտանիքներին, որոնց կովերը գողացել էին ադրբեջանցիները: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կութի բնակիչ, համայնքի նախկին ղեկավար Սիմա Չիտչյանը, որը նույնպես տուժած գյուղացիներից է:
«Նախորդ տարվա դեկտեմբերին մեզ փոխհատուցեցին, ամեն կովի համար 280 հազար դրամ: Ճիշտ է, քիչ է փոխհատուցումը, մենք այդ գնով չենք կարող նույքան անասուն գնենք, բայց ինչ անենք, գոնե այդքանը տվեցին, նորից պետք է անասուն առնենք, որ անասնապահությամբ զբաղվենք, փոխհատուցած գումարի մի մասով էլ անասնակեր ենք գնել»,- պատմեց նա:
Կութի բնակիչը նշեց, որ ադրբեջանցիները իրենց դիրքերում են, գյուղից երեւում են, բայց իրենք շարունակելու են ապրել գյուղում, զբաղվել անասնապահությամբ:
«Մի քանի ընտանիքներ, որոնք երեխաներ ունեն հեռացել են, բայց նորից հետ են գալու գարնան ամիսներին, մնալու ենք, ապրենք, զբաղվենք անասնապահությամբ»,-ասաց նա:
Նշենք, որ ընդհանուր առմամբ ադրբեջանցիները գողացել էին 80 կով:
Հիշեցնենք, որ 2021 թվական մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։





























