Ազատասիրության ու հայրենասիրության կրակը մեր նոր սերնդի մեջ վառել էին առաջին հերթին մեր արվեստագետներն ու գիտնականները: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, մտավորականների, սպորտի բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ:
Ստորեւ NEWS.am-ը ներկայացնում է ՀՀ նախագահի շնորհավորական խոսքը.
«Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ:
Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել մեր մտավորականներին, արվեստագետներին, գիտնականներին, մեր եկեղեցու նվիրյալներին, կրթության ոլորտի, մարզաշխարհի ներկայացուցիչներին` մանավանդ այսպիսի տոնական առիթով:
Անկախության գաղափարի եւ՛ հղացողը, եւ՛ կրողը, եւ՛ քարոզողը առաջին հերթին մտավորականներն են եղել: Ազգային պետություն վերականգնելու եւ վերակազմակերպելու գործն առաջ են տարել մարդիկ, ովքեր մոռացել են իրենց անձնական կյանքը, ենթարկվել հալածանքների, երբեմն սեփական կյանքով են վճարել, բայց կատարել են իրենց առաքելությունը: Չունենալով հայրենի պետություն` մտավորականները հաճախ իրենց վրա են վերցրել պետական կառույցների գործառույթներ եւ իրականացրել դրանք` ավել կամ պակաս հաջողությամբ:
Երբ հեռավոր Հնդկաստանում հայ մտավորականները սահմանադրություն էին գրում, նրանք ուրվագծում էին ապագա անկախ Հայաստանի իրենց պատկերացումը: Երբ Մոսկվայում Միքայել Նալբանդյանն ու Ստեփանոս Նազարյանցը «Հյուսիսափայլ» էին հրատարակում, նրանք գիտակցաբար եւ հեռահար նպատակներով ձեւավորում էին նոր գրական արեւելահայերենը, որն այսօր մեր պետական-պաշտոնական լեզուն է: Երբ Րաֆֆին գրում էր իր վեպերը, նպատակ ուներ ոտքի հանել ազատագրական պայքարի մարտիկների եւ մասամբ հասավ իր նպատակին:
Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից մենք ունեցանք հազարավոր կամավորներ, որոնց գաղափարական եւ բարոյահոգեբանական նախապատրաստումն իրականացրել էին մեր մտավորականները: Ազատասիրության ու հայրենասիրության կրակը մեր նոր սերնդի մեջ վառել էին առաջին հերթին մեր արվեստագետներն ու գիտնականները: Սա փաստ է, եւ սրա գիտակցումը, համոզված եմ, կա ձեզնից յուրաքանչյուրի մեջ:
Այս հանգամանքը շատ լավ հասկանում էին նույնիսկ մեր ժողովրդի դահիճները, որոնք Մեծ եղեռնի ամենասոսկալի փուլն սկսեցին հենց մտավորականների ձերբակալություններով 1915թ. ապրիլի 24-ին:
Այս պատմական զուգահեռները մեզ այսօր անհրաժեշտ են ոչ միայն մեր մտավորականության դերն արժեւորելու, այլեւ ձեւակերպելու համար, թե ինչն է ներկա պատմական փուլում կարեւոր, ինչն է հասարակական-քաղաքական առումով արդիական: Այն ազգը, որը չի կարողանում հաջորդ սերնդին փոխանցել իր արժեհամակարգը, մեկ սերունդ հետո պարզապես այլասերվում է. ավելի պարզ` լավագույն դեպքում դառնում է ուրիշ ազգ, իսկ մեծ մասամբ` ապազգային ու անդեմ զանգված:
Դարեր շարունակ մեր ինքնության դրոշակակիրն է եղել Հայ առաքելական սուրբ Եկեղեցին, որը մեր ամենահին ոչ միայն հոգեւոր, այլեւ գիտական ու մշակութային կազմակերպությունն է: Ավելին, Հայ եկեղեցին կատարել է նաեւ դատական եւ տեղական իշխանության գործառույթներ, իսկ իր թեմական կառույցների ցանցով դարեր շարունակ ունեցել է համաշխարհային ընդգրկում: Պետական գրեթե բոլոր կառույցներին փոխարինող մի հաստատություն, որ ծանր ժամանակներում վառ պահեց անկախ պետականության ջահը` երբեմն համբերատար, իմաստուն ու հեռատես, երբեմն կտրուկ եւ օտարի լուծը չհանդուրժող, բայց միշտ հայկական մի կառույց:
Օրինաչափ է, որ Անկախության հռչակման առաջին իսկ րոպեներին պիտի հնչեին Ամենայն հայոց Հայրապետի` Վազգեն Առաջինի օրհնության խոսքերը: Այդ օրհնանքով է սկիզբ առել մեր նորագույն պետականությունը, եւ 20 տարի շարունակ հայոց պետությունն ու հայ եկեղեցին ձեռք ձեռքի քայլել ու քայլում են առաջ` ազգային ու համամարդկային իդեալների ճանապարհով:
Եկեք փառաբանենք հայ մտավորականությանը, որ դարեր շարունակ տարբեր պայմաններում կարողացավ վառ պահել ազատության կրակը մեր հոգիներում,
հայ արվեստագետներին ու գիտնականներին, ովքեր բարձրացրին իրենց եւ իրենց ժողովրդի անունն աշխարհում,
բոլոր նրանց, ում նկարագրով մեծապես բնորոշվում է մտածող, ստեղծագործող, արարող հայի նկարագիրը,
նրանց, ովքեր ուսուցանում են ու դաստիարակում, ովքեր աշխարհում բարձրացնում են հայոց եռագույնն ու հնչեցնում մեր օրհներգը, ովքեր երիտասարդներին հայրենասիրություն են ներարկում:
Շնորհավոր բոլորիս մեծ տոնը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:





























