Աշխարհի 15 քաղաքներում այսօր կկայանա համաշխարհային շոու-բիզնեսի լեգենդի՝ փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի կյանքի վերջին օրերի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։
«Ահա եւ վերջ» (This Is It) կոչվող ֆիլմը, որում հիմանականում պատկերված են Ջեքսոնի՝ Լոնդոնում այդպես էլ չկայացած համերգի նախապատրաստվելու կադրերը, առաջ է բերել նրա երկրպագուների դժգոհությունը, որոնք, ինչպես հայտնում է BBC-ն, նույնիսկ «Սա ամենը չէ» (This is not it) անվանմամբ ակցիա են կազմակերպել։
Փոփ-աստղի երկրպագուները ֆիլմը քննադատել են այն բանի համար, որ դրանում բաց են թողնված նրա առողջության վատացման հետ կապված պահերը։ Երկրպագուների կարծիքով, երգչի մահվանը նպաստել են նրա շրջագայությունները, ինչպես նաեւ լոնդոնյան համերգի կազմակերպիչները, քանի որ նրանք հաշվի չեն առել Ջեքսոնի ծանրաբեռնվածությունը եւ աշխատանքի ծավալը։
Ինչպես սպասվում է, ֆիլմի առաջին հինգ օրերի ցուցադրությունից 100 մլն դոլարի եկամուտ կստացվի։ Ֆիլմի ռեժիսորը Ջեքսոնի օգնական Քեննի Օրտեգան է։ Ֆիլմը կցուցադրվի ընդամենը երկու շաբաթ։
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը վախճանվել էր 2009թ. հունիսի 25-ին Լոս Անջելեսում, 50 տարեկան հասակում։ Ինչպես ավելի ուշ պազվել էր, երգիչը մահացել էր դեղամիջոցների չարաշահումից։




























