Երեկ երեկոյան Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին` Ցոտնե Գամսախուրդիան: Նա կասկածվում է ոմն Դավիթ Բաջելիձեին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, որի հետ վիճաբանություն է ունեցել: Ավելի վաղ, Գամսախուրդիայի հարեւանությամբ բնակվող Բաջելիձեն՝ կրծքի շրջանում հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հանրապետական հիվանդանոց եւ նրան անհապաղ վիրահատել էին:
Ձերբակալված Ցոտնե Գամսախուրդիան հարցաքննվում է Թբիլիսիի Վերե շրջանի ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանությունը այլ մասնրամասներ չի հաղորդում:
Հիշեցնենք, որ 2007 թվականի նոյեմբերին Վրաստանի իշխանությունները քրեական գործ էին հարուցել Ցոտնե Գամսախուրդիայի դեմ՝ նրան մեղադրելով պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: 2008-ի սեպտեմբերի 3-ին նա ձերբակալվել է օդանավակայանում` Մոսկվայից վերադառնալու պահին: Հենց այդ ժամանակ էլ նրան եւս մեկ մեղադրանք էր առաջադրվել, ըստ որի Զվիադ Գամսախուրդիայի որդին 1999 թվականին մարմնական վնասվածքներ է հասցրել Վրաստանի ջրագնդակի հավաքականի խաղացող Ավթանդիլ Մագլակելիձեին: Սեպտեմբերի 18-ին Ցոտնե Գամսախուրդիան ազատ էր արձակվել՝ վճարելով 20 հազար լարի (մոտ 10 հազար դոլար) գրավ:




























