Վրացական պարբերականները պնդում են, որ գաղտնի տեղեկություն են ստացել ռուսական հատուկ խմբավորումների կողմից Պանկիսի կիրճում խափանարարական գործողությունների նախապատրաստման մասին։

Այն մասին, որ Պանկիսի կիրճում Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից սադրանք է նախապատրաստվում, դեռեւս հուլիսին հայտարարում էր Կովկասյան ժողովուրդների համադաշնության նախագահ Զաալ Կասրելիշվիլին։ Նա հայտարարել էր, որ Պանկիսի կիրճում են գտնվում մոտ 40 գրոհայիններ, որոնք հավաքվել են Չեչնիա եւ Ինգուշեթիա անցնելու համար։

Չեչնիայի աղբյուրը հայտնել է ռուսական խմբավորումների տեղակայման վայրի ու տեղաշարժման ուղիների մասին,- նշում են վրացական ԶԼՄ-ները։ Ըստ աղբյուրի տվյալների, խափանարարները բաժանված են հիմնական երեք խմբերի եւ տեղակայված են Հյուսիսային Օսիայի ու Չեչնիայի տարածքներում։

Հյուսիսօսական խափանարարական խմբավորումը տեղակայված է Ալագիր գյուղում, իսկ համապատասխան հրահանգից հետո կտեղափոխվի Միզուր գյուղ։ Վրաստանի տարածք այդ խումբը կթափանցի Վերին Ֆիագդոն գյուղի շրջանում, որը սահմանակից է վրացական Սիոն գյուղին,- գրում է NEWSru.com-ը։

Երկրորդ խումբը ներկայումս տեղակայված է Լախա Վարանդի գյուղում, որը գտնվում է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիից ոչ հեռու։ Երրորդ խմբի տեղակայման վայրը ճշգրիտ հայտնի չէ. հաղորդագրության համաձայն, այն տեղակայված է Կիր գյուղում, իսկ իրականում նման գյուղ գոյություն չունի։ Ենթադրաբար, խոսքը չեչենական Կիրով Յուրտ գյուղի մասին է։

Աղբյուրի տվյալների համաձայն, երկու խմբերը սահմանը պետք է անցնեն Դաղստանի Մոքոք եւ Ցուտրախ գյուղերի շրջանում։ Այնտեղից էլ խափանարարական խմբավորումները կսկսեն շարժվել Պանկիսի կիրճի ուղղությամբ։

Սակայն Վրաստանի անվտանգության հարցերի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին ներկա դրությամբ կտրականապես բացառում է ռուսական խափանարարական խմբերի մուտքը Պանկիսի կիրճ։ «Բացառում եմ այն արահետներով շարժվելը, որոնցով խափանարարական խմբավորումները կարող են հայտնվել Վրաստանի տարածքում, քանի որ այդ ժամանակ բոլոր արահետները ծածկված են լինում ձյան հաստ շերտով եւ շատ անհնար է տեղաշարժվել դրա վրայով»,- հայտարարել է Սեսիաշվիլին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ գրոհայինները «Ալ Քաիդայի» գործակալների հետ համատեղ շփումներ են հաստատել Վրաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որոնց մասնակցությամբ կազմակերպվել է ահաբեկիչների պատրասումն ու դրանց ներթափանցումը Չեչնիայի Հանրապետության տարածք եւ Դաղստան զենքի մատակարարումը։ Վրաստանն իր հերթին հերքել է «Ալ Քաիդայի» ու կովկասյան գրոհայինների հետ համագործակցելու մասին ռուսաստանյան հատուկ ծառայությունների ներկայացրած մեղադրանքները։