Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները հայտնաբերել են, որ Լեոնարդո դա Վինչիի ձգողականության ընկալումը, թեեւ ոչ այնքան ճիշտ, մեկ հարյուրամյակով առաջ էր անցել իր ժամանակից։

Leonardo ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները, նորովի նայելով դա Վինչի գրատետրերից մեկի գրառումներին, ցույց են տվել, որ նշանավոր գիտնականը եւ ճարտարապետը կատարել է փորձեր, որպեսզի ցուցադրի, որ ձգողականությունն արագացման ձեւ է։ Բացի այդ, նա նաեւ մոդելավորել է գրավիտացիոն հաստատուն՝ մոտ 97 տոկոս ճշգրտությամբ, գրել է Caltech-ը։

Դա Վինչին, որն ապրել է 1452-1519թթ., բավական առաջ էր անցել այդ հայեցակարգերի ուսումնասիրության հարցում։ Միայն 1604թ. Գալիլեո Գալիլեյը տեսություն մշակեց այն մասին, որ հեռավորությունը, որն առարկան հաղթահարում է անկման ժամանակ, համամասնական է ժամանակի անցած քառակուսուն։ Եվ միայն 17-դ դարի վերջին սըր Իսահակ Նյուտոնը զարգացրեց այս տեսությունը՝ ստեղծելով ձգողականության օրենքը, որը նկարագրում է, թե ինչպես են առարկաները ձգում մեկը մյուսին։ Դա Վինչիի համար հիմնական խոչընդոտն իր ունեցած գործիքների սահմանափակությունն էր։ Օրինակ, նա չուներ առարկաների անկման ժամանակը ճիշտ չափելու միջոցներ։

Դա Վինչիի փորձերն առաջին անգամ նկատել է Հանս Վ. Լիփմանի օդագնացության եւ բժշկական ինժեներիայի պրոֆեսոր Մորի Գարիբը դա Վինչիի «Արունդելի ժողովածուում»։ Այն վերաբերում է գիտությանը, արվեստին եւ անձնական թեմաներին։ 2017թ. սկզբին Գարիբը վերջերս հրատարակված Codex Arun-ի հիման վրա  հետազոտել է հոսքի՝ դա Վինչիի վիզուալացման տեխնիկան, որպեսզի քննարկի այն ուսանողների հետ, որոնց նա սովորեցնում էր ասպիրանտական դասընթացում, երբ նկատել է մի շարք էսքիզներ եռանկյունիների պատկերմամբ, որոնք գոյացել են տարայից թափվող ավազատիպ մասնիկներից։

«Ուշադրությունս գրավեց այն, որ նա «Equatione di Moti»-ն գրել է իր նկարած եռանկյունիներից մեկի՝ հավասարակող ուղղանկյուն եռանկյունու հիպոթեզի հիման վրա,- գրել է Լեոնարդոյի մասին հոդվածի հեղինակ Գարիբը։- Ինձ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ է նկատի ունեցել Լեոնարդոն»։

Նրա գրառումների ուսումնասիրության համար Գարիբն աշխատել է գործընկերների՝ Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտի դոկտորանտ, այժմ՝ Քոռնելի համալսարանի դոցենտ Քրիս Ռոյի, ինչպես նաեւ Արեւմտյան Շվեյցարիայի (Ժնեւի) կիրառական գիտությունների եւ արվեստների համալսարանի աշխատակից Ֆլավիո Նոկայի հետ։ Նոկան տրամադրել է դա Վինչիի իտալերեն գրառումների (նրա հանրահայտ հայելային գրով արված, որոնք կարդացվում են աջից ձախ) թարգմանությունները։

Դա Վինչիի գրառումներում նկարագրվում է փորձ, որտեղ ջրով կուժը շարժվում էր գետնի հանդեպ ուղիղ, զուգահեռ ձեւով՝ ճանապարհին թափելով կամ ջուր, կամ հատիկ (հավանաբար՝ ավազ)։ Նրա գրառումներից պարզ է դարձել, որ նա գիտեր, որ ջուրը կամ ավազը մշտական արագությամբ չեն թափվելու, այլ արագանալու են, ինչպես նաեւ՝ որ նյութը կդադարի արագանալ հորիզոնական հարթությունում, քանի որ նրա վրա կուժն այլեսւ չի ազդի, եւ որ նրա արագացումը տեղի է ունենում միայն դեպի ներքեւ՝ ծանրության ուժի ազդեցության տակ։

Եթե կուժը շարժվում է մշտական արագությամբ, գիծը, որը գոյացնում է նյութը անկման ժամանակ, ուղղահայաց է, ուստի եռանկյունի չի առաջանում։ Եթե կուժը շարժվում է մշտական արագությամբ, գիծը, որը ստեղծում է նյութն ընկնելիս, ուղիղ է, բայց թեք, որն այնուհետեւ առաջացնում է եռանկյունի։ Եվ, ինչպես նշել է դա Վինչին առանցքային դիագրամում, եթե կժի շարժումն արագանում է նույն արագությամբ, որով ծանրության ուժն արագացնում է նյութն անկման ժամանակ, ապա գոյանում է հավասարակող եռանկյունի. հենց սա էլ սկզբում նկատել էր Գարիբը, որ դա Վինչին առանձնացրել է «Equatione di Moti»-ում՝ «շարժումների հավասարեցումը (էկվիվալենտությունը)»։

Դա Վինչին ձգտել է մաթեմատիկորեն նկարագրել այդ արագացումը։ Հենց այստեղ էլ, հետազոտության հեղինակների կարծիքով, նա սխալվել է։ Որպեսզի հետազոտի դա Վինչիի փորձարկած գործընթացը, թիմն օգտագործել է համակարգչային մոդելավորումը ջրամանի փորձն անցկացնելու համար։ Դա թույլ է տվել հայտնաբերել դա Վինչիի սխալը։

«Մենք տեսանք, որ Լեոնարդոն պայքարել է դրա դեմ, բայց մոդելավորել էր դա այնպես, որ առարկայի անկման հեռավորությունը համամասնական էր 2-ի t աստիճանում (որտեղ t-ն ժամանակն է), այլ ոչ թե t քառակուսուն,- ասում է Ռոն։- Դա ճիշտ չէ, բայց ավելի ուշ մենք պարզեցինք, որ նա օգտագործել է այդ սխալ հավասարումը ճիշտ ձեւով»։

Դա Վինչին իր գրառումներում ցուցադրել է առարկան ընկնելիս, ժամանակի չորս ինտերվալներում՝ շրջան, որի ընթացքում հավասարումների երկու տեսակների գրաֆիկները համընկնում են։

«Մենք չգիտենք՝ արդյո՞ք դա Վինչին հետագա փորձեր կատարել է, արդյո՞ք հետազոտել է սա ավելի խոր ձեւով,- ասում է Գարիբը։- Բայց փաստը, որ նա փորձել է լուծել այս խնդիրը նույն կերպ՝ 1500-ական թթ, սկզբին, ցույց է տալիս, թե իր ժամանակից որքան առաջ էր անցել նրա մտածողությունը»։