Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 25/14 շենքի 103-րդ բնակարանում, սեպտեմբերի 17-ին բռնկված հրդեհը պատահականություն չի եղել, այս սպանությունը թաքցնելու փորձ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 64-ամյա տանտիրուհու` Արմինե Հովվեյանի դիակը` այրվածքներով եւ գլխի կոտրվածքներով: Նույն բնակարանում ոստիկանները հայտնաբերել են նաեւ 43-ամյա Կարեն Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով, շնչուղիների այրվածքով եւ ալկոհոլային թունավորման նշաններով տեղափոխվել է ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:
Փաստի առթիվ սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի, 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի եւ 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, Կարեն Պետրոսյանը ոգելից խմիչք օգտագործած գնացել է Արմինե Հովվեյանի բնակարան, որտեղ նույնպես օգտագործել է ոգելից խմիչք, ապա մուրճով մի քանի հարված է հասցրել տանտիրուհու գլխին եւ սպանել նրան:Պետրոսյանն այնուհետեւ հափշտակելով Հովվեյանին պատկանող 40.000 դրամը եւ ոսկյա զարդերը, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է բնակարանը, սակայն չի կարողացել այնտեղից դուրս գալ:
Նրան բնակարանից դուրս են բերել ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայության աշխատակիցներն ու տեղափոխել ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, որտեղից դիմել է փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների կողմից Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել բաժին:Հափշտակված 40.000 դրամն ու ոսկյա զարդերն առգրավված են:Կարեն Պետրոսյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր հրդեհի մասին, եւ նշել, որ Արմինե Հովվյանը դասախոս է եւ դասավանդում է ԵՊՀ Ռուսական բանասիրության ֆակուլտետում:



























