Ադրբեջանում ժողովրդավարության մասին խոսելն անհեթեթություն է: Նման կարծիք է հայտնել լրագրողներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, եվրոպական հանրության կողմից բացեիբաց հայտարարվում է, որ Ադրբեջանը հետ է մնում ժողովրդավարական ինստիտուտների պահպանման տեսանկյունից:
«Միջազգային հանդիպումներից մեկի ժամանակ, ադրբեջանական պատվիրակների ներկայությամբ, բաց տեքստով նշվել է, որ երկիրը լուրջ հետընթաց է ապրում ժողովրդավարության կառուցման գործում: Այլ բան չէր էլ կարող լինել մի երկրում, որը մի քանի տարի առաջ փոփոխություններ մտցրեց Սահմանադրության մեջ եւ նախագահի ընտրման ժամկետը դարձրեց անսահմանափակ: Հնարավոր չէ ժողովրդավարության եւ բազմակարծության մասին խոսել մի երկրում, որտեղ առկա է խանություն եւ սուլթանություն, որտեղ ձեւավորվել է ցմահ ղեկավարություն»,-հայտարարել է Ն. Զոհրաբյանը:
Վրաստանի մասին խոսելով, նա հավելել է, որ հնարավոր չէ չարձանագրել կաշառակերության դեմ պայքարում այդ երկրի ձեռք բերած հաջողությունները: «Սակայն մենք կարող էինք տեսնել, որ կտրուկ միջոցներ են կիրառվել ընդդիմության դեմ»,-նշել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԽԽՎ-ում ընդունված մի շարք բանաձեւերում արձանագրվում են Հայաստանի հաջողությունները մարդու ազատության եւ իրավունքների ոլորտում: «Դա մեր մեծ ձեռքբերումներից մեկն է»,-նշել է Ն. Զոհրաբյանը:




























