Ուսման հանդեպ վերաբերմունքը Հայաստանի ազգային գերխնդիրն է: Նման կարծիք է արտահայտել Ազգային ժողովի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա կարծիքով, Հայաստանում կրթությունը բախվում է համակարգային խնդիրների, որոնք կախված չեն առանձին մարդկանցից, այդ թվում կրթական համակարգի ղեկավարներից: «Կրթական գործընթացում ուսանողներից շատերն ամենից շատ կարեւորում են դիպլոմը` համարելով այն տան անբաժանելի ատրիբուտ: Եթե մենք ցանկանում ենք դառնալ առաջադիմական հասարակական որակներով առաջնորդվող երկիր, ապա նման վերաբերմունքը պետք է արմատականորեն փոխել: Իմ եվրոպական գործընկերներին այդ իրավիճակը շատ է զարմացրել»,-նշել է Ն. Զոհրաբյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանի կարծիքով, ի շարս այլ խնդիրների, որոնց մասին չի կարելի լռել, տեսանելի են նաեւ համակարգային ձեռքբերումները: «Այժմ մեր երեխաները կարող են սովորել հայ ժողովրդի պատմությունը համաշխարհայինի հանդեպ գերակայությամբ: Իսկ դա ինձ համար շատ կարեւոր է»,-նշել է Բիշարյանը: Նրա կարծիքով, հայոց լեզվի եւ պատմության գերակայությունը կրթական համակարգում առանցքային ձեռքբերում է: «Դժվարությունները կարելի է վերացնել կամքի առկայության դեպքում, օրենսդրական ակտերի կամ որոշումների ընդունման միջոցով: Ի հաստատումն դրա` կարելի է նշել, որ վերջին տարիներին կրթության ոլորտում մշակվել են մի շարք օրինագծեր, որոնք հաջողությամբ կյանքի են կոչվել»,-հայտարարել է Հ. Բիշարյանը:



























