Հայաստանի անկախացումից 20 տարի անց մենք նշելու այնքան էլ շատ բան չունենք: Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ Կիրակոսյանի` Հայաստանն այսօր ունի արտագաղթ, երկրաշարժի հետեւանքները վերացված չեն, չունի տնտեսական կայուն համակարգ: «Չնայած որոշակի ձեռքբերումներին, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի դեմ պատերազմում տարած հաղթանակը, բայց մենք երկու բացթողում ունենք՝ մենք չպետք է հիմնվենք մեր նախկին հաջողությունների եւ ուրախությունների վրա, այլ պետք է հիմնվենք մեր կառավարության ու բանակի ներկա գործունեության վրա»,- նշեց Կիրակոսյանը:
Որպես բացթողում նա ընդգծեց քաղաքական բարեփոխումների ու ժողովրդավարության բացակայությունը: Լուրջ խնդիր է, ըստ վերլուծաբանի, կոռուպցիան, որի դեմ Հայաստանի կառավարությունը չի կարողանում գործուն մեխանիզմներ գտնել: «Կառավարությունը կախվածության մեջ է օլիգարխներից եւ հարկերի այն չափից, որոնք նրանք վճարում են: Օլիգարխներն իրենք իրենցով արդեն վերածվել են պետության համար վտանգի՝ չվճարելով հարկերը»,- շեշտեց նա: Կիրակոսյանին նաեւ զարմացնում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ներկայությունը: «Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, եթե ոչ միակը, որն իր տարածքում ունի օտար երկրի ռազմական բազա եւ դրա դիմաց ոչ մի դրամ չի ստանում, մինչդեռ Հայաստանին պետք է վճարեն այդ բազայի համար»,- ասաց նա:
Անդրադառնալով անկախության տոնին, Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, թե այն պետք է դարձնել բոլորինը. «Բոլորի տոնը, ոչ թե միայն նրանցը ովքեր մեծ մեքենաներով եւ թիթիզ համարներով շրջում են քաղաքում»:




























