«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 28-ին վերածվել էր իսկական կատակերգության. դահլիճը հազիվ էր զսպում իրեն, որ չծիծաղեր որպես վկա հանդես եկող Վազգեն Սերոբյանի հակասական հայտարարությունների վրա:
Վերջինս, «վերհիշելով» 2007թ. հոկտեմբերի 23-ի դեպքերը, հայտարարեց, թե Շրջանայինով բարձրանում էր դեպի «Ուրարտու» խանութի մոտ, երբ տեսել է դրոշակներով ցուցարարների եւ նրանց մեջ ճանաչել է Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ 2007թ. հոկտեմբերի 23-ին ընդդիմության ներկայացուցիչները քաղաքացիներին իրազեկում էին հանրահավաքի մասին, երբ Աբովյան-Կորյուն խաչմերուկում նրանց վրա էին հարձակվել ոստիկաները, եւ դաժան ծեծի ենթարկել մի խումբ լրագրողների, մի մասին էլ տեղափոխել էին ոստիկանական բաժիններ:
«Մոտիկացան ոստիկանները, սկսեցին իրար բրթբրթել: Նիկոլին տեսա բարձրախոսով, մենակ էն տեսա, որ ոտքով հարվածեց ոստիկանին»,- պատմեց Սերոբյանն ու… ընկավ կրակը՝ պաշտպանական կողմի հարցերի պատճառով: Ավելին, Սերոբյանը քիչ անց ազդարարեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 8-ին մոտ, երբ արդեն մութ էր: «Եթե մութ էր, ինչպե՞ս տեսաք Փաշինյանին»,- պաշտպանի այս հարցը այդպես էլ մնաց անպատասխան:
Նախորդ նիստում «տուժող» ոստիկան Վազգեն Դաբաղյանը հայտարարել էր, թե Փաշինյանն իրեն հարվածել է մայթին, իսկ այս մեկը հպարտ տեսքով հերքեց ոստիկանին, թե «Նիկոլը շոշին էր կանգնած, այ ըտեղ էլ խփեց ոստիկանին»:
Պաշտպան Լուսինե Սահակյանի հարցերից հետո Վազգեն Սերոբյանը մերթընդմերթ խեղճացած նայում էր մեղադրող Կորյուն Փիլոյանի ուղղությամբ, այնքան, որ Լուսինե Սահակյանը ստիպված էր դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջել, որ վկան քիչ աջուձախ նայի:
Վկան, ի դեպ, «հիշեց», որ 150 ցուցարարներին մոտեցել են մի քանի տասնյակ ոստիկաններ ու հանգիստ զրուցել, իսկ ցուցարարները հայհոյանքներ են տվել, բայց այդպես էլ չհիշեց գլխարկ ունեի՞ն իրենց գլխին ոստիկանները, թե՞ ոչ: Չհիշեց, թե ինչ էր հագել Նիկոլ Փաշինյանը, ինձ բարձրախոս էր նրա ձեռքին եւ այլն: Բայց ամենաանհեթեթն այն էր, որ, ըստ վկայի, իր եւ Նիկոլի միջեւ մի քանի ոստիկան են կանգնած եղել, ու այդ վիճակում էլ, այն էլ մթության քողի տակ, տեսել է Նիկոլի հարվածը:
«Իր տված ցուցմունքով ակնհայտորեն հասկացվեց, ոչ վկան դեպքի վայրում չի եղել, որովհետեւ եթե եղած լիներ, չէր կարող այնպիսի ցուցմունքներ տալ, որոնք իրականում չեն եղել: Նրան սովորեցրել էին որոշակի հատվածներ, իսկ շարունակությունը նա չկարողացավ ասել»,- NEWS.am-ի հետ զրույցում վկայի ցուցմունքը մեկնաբանեց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ներկայացնելով ցուցմունքում առկա հակասությունները:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























