Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փեշավար քաղաքի մերձակայքի շուկաներից մեկում հոկտեմբերի 28- ի պայթյուն է եղել։ Արդյունքում զոհվել է շուրջ 70 մարդ, եւս 200-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ն: Պայթուցիկով մեքենան, որը կայանված է եղել քաղաքի բնակելի թաղամասներից մեկում, պայթեցվել է ահաբեկիչ մահապարտի կողմից:
Պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է մոտակայքում գտնվող խանութները եւ առեւտրի կետերը, հրդեհվել են տասնյակից ավել ավտոմեքենաներ։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը:
Քաղաքի բոլոր փրկարար ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Բժիշկները եւ տեղի ոստիկանության ներկայացուցիչները չեն բացառում, որ զոհվածների եւ վիրավորների թիվը կավելանա։ «Վեստի»-ն հաղորդում է, որ ոստիկանությունը ահաբեկչության մեջ մեղադրում է «Թեհրիկ-ի-թալիբան Պակիստան» ծայրահեղական շարժմանը, որը բազմաթիվ այլ ահաբեկչություններ է իրականացրել։
Ուշագրավ է, որ Փեշավարում կատարված ահաբեկչությունը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Հլիլարի Քլինթոնի Պակիստան կատարած եռօրյա այցի հետ։ Պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնն առաջին անգամ է այցելում Պակիստան։ Նախատեսվում է, որ Քլինթոնը կհանդիպի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի, վարչապետ Ուսուֆ Ռեզի Գլանի, արտգործնախարար Մեհսուդ Քուրեշիի, ինչպես նաեւ Պակիստանի ռազմական հրամանատարության հետ, հաղորդում է «Интерфакс»-ը։




























