Չինաստանը վճռականորեն դեմ է, որ ԱՄՆ-ը Թայվանին զենք վաճառի։ Չինաստանը դա գնահատում է որպես «մեկ Չինաստան» սկզբունքի լուրջ խախտում եւ այդ մասին բողոք է հայտնել Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Կեֆեյը, որի խոսքերը մեջբերել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
«Չինաստանը վճռականորեն դեմ է, որ ԱՄՆ-ը Թայվանին սպառազինություններ վաճառի։ ԱՄՆ-ի գործողությունները կոպիտ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին, լրջորեն խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը եւ չին-ամերիկյան երեք համատեղ հայտարարությունները, լուրջ վնաս են հասցնում Չինաստանի ինքնիշխանությանն ու անվտանգության շահերին, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության լուրջ սպառնալիք են ստեղծում Թայվանի նեղուցում»,- ընդգծել է Չինաստանի ՊՆ-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Չինաստանն այս առնչությամբ խիստ դժգոհություն է հայտնել եւ արդեն զգուշացրել է ԱՄՆ-ին»։ Բացի այդ, Պեկինը Վաշինգտոնից պահանջում է դադարեցնել ռազմական կապերը Թայվանի հետ, միջամտությունն իրավիճակին եւ «լարվածության հրահրումը Թայվանի նեղուցում»։
«Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը միշտ պատրաստ է հակահարված տալ բոլոր սադրանքներին եւ արտաքին ուժերի միջամտությանը ցանկացած ժամանակ, պաշտպանել ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ամփոփել է Չինաստանի ՊՆ-ի ներկայացուցիչը։





























