ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է կառուցել 10 ֆուտուրիստական «ազատության քաղաքներ»՝ այն պլանի շրջանակում, որը, ըստ նրա, թույլ կտա «ստեղծել նոր ամերիկյան ապագա» երկրում, որը «կորցրել է համարձակությունը», տեղեկացրել է CNN-ը։

Թրամփի խոսքով՝ ուղեւորները կկարողանան տեղաշարժվել թռչող ավտոմեքենաներով։ «Ես ուզում եմ հասնել այն բանին, որ Ամերիկան, ոչ թե Չինաստանը գլխավորի այդ հեղափոխությունն օդում»,- ասել է Թրամփը, որը նոյեմբերին հայտարարել է ԱՄՆ նախագահ դառնալու երրորդ փորձի մասին։

Նա ավելացրել է, որ մրցույթ կհայտարարի չյուրացված դաշնային հողերում  Վաշինգտոնի չափերի 10 «ազատության քաղաքների» ստեղծման համար։

«Մենք իսկապես նորից կկառուցենք նոր քաղաքներ մեր երկրում,- ասել է Թրամփը։- Ազատության այդ քաղաքները նորից կբացեն սահմանները, կվերականգնեն ամերիկյան երեւակայությունը եւ հարյուր հազարավոր երիտասարդների եւ այլ մարդկանց, բոլոր աշխատասեր ընտանիքներին, նոր շանս կտան՝ դառնալու բնակարանի, եւ, ըստ էության, ամերիկյան երազանքի տեր»։