Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին Թեհրանում ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը կոչ է արել չտրվել նրանց հորդորներին, որոնք փորձում են խանգարել երկու կողմերի համագործակցությանը, տեղեկացրել է Mehr-ը։
Էսլամին Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) ստորագրած մնացած կողմերին՝ Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Չինաստանին եւ Ռուսաստանին, կոչ է արել կատարել իրենց պարտավորությունները։
«Եվրոպական երեք եւ որոշ այլ երկրներ կենտրոնացել են միայն ԳՀՀԾ-ի գծով Իրանի պարտավորությունների վրա,- ասել է նա։- Նրանք նույնպես պարտավորություններ ունեն, որոնք պետք է կատարեն»։
«Մենք (Ռաֆայել Գրոսիի հետ) եկել ենք համաձայնության, որպեսզի պարզենք մեր համագործակցությունը երաշխիքների շրջանակում»,- նշել է Էսլամին։
Նա ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը կոչ է արել կատարել իր պարտավորություններն Իրանի հանդեպ՝ Երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակում եւ չտրվել նրանց հորդորներին, որոնք փորձում են խանգարել երկու կողմերի միջեւ համագործակցությանը։
«Գրոսի այցը, որն սկսվել է երեկ, Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ շփման եւ հարաբերությունների հաստատման ուղերձ է։ Շփումները եւ հաշվետվությունները պետք է ամրապնդեն վստահությունը»,- ասել է Էսլամին։
«Մենք պետք է հարցերը վստահելի միջավայրում լուծելու հնարավորություն ունենանք եւ կանխենք գործակալների ներթափանցումը, որոնց նպատակն է նորմալ եւ պրոֆեսիոնալ հարաբերությունների խափանումը»,- ավելացրել է նա։
Էսլամին ԱԷՄԳ-ին կոչ է արել պատրաստվել այնպիսի փոխգործակցության, որի ժամանակ գործակալությունը «կկարողանա միշտ կատարել իր պարտավորություններն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ Երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակում»։
Էսլամին նշել է, որ Իրանը պատրաստ է կիսել իր միջուկային ձեռքբերումներն այլ երկրների հետ։
«Այս առումով երկու առանձին հարց կա։ Նախ՝ հարձակումները ատոմային էլեկտրակայանների դեմ, ցավոք, դարձել են սովորական երեւույթ, եւ դա կապված է Ուկրաինայում պատերազմի հետ։ Երկրորդ՝ այդ հարձակումները դատապարտվել են գործակալության համաժողովներում։ Ուստի, ես կարծում եմ, որ հարձակումը միջուկային օբյեկտի վրա լիովին դատապարտելի է եւ անօրինական»,- իր հերթին նշել է Ռաֆայել Գրոսին։





























