Rheinmetall գերմանական պաշտպանական ընկերությունը բանակցություններ է վարում Ուկրաինայում տանկերի գործարան կառուցելու մասին, Rheinische Post թերթի հարցազրույցում ասել է գլխավոր տնօրեն Արմին Փապերգերը։
Rheinmetall-ը արտադրում է զինամթերքներ, ռազմական այլ սարքավորումներ, ինչպես նաեւ «Leopard» տանկեր, որոնք Գերմանիան որոշել է ուղարկել Ուկրաինա, եւ որոնք ընկերությունն արտադրում է Krauss-Maffei Wegmann-ի հետ համատեղ։
«Ուկրաինայում կարող է ստեղծվել Rheinmetall գործարան՝ մոտ 200 մլն եվրո (212,64 մլն դոլար) արժողությամբ, որը կկարողանա տարեկան 400 «Պանտերա» արտադրել»,- ասել է Փապերգերը։
«Պանտերաները» ընկերության մարտական տանկերի նորագույն մոդելներն են։
«Ուկրաինայի կառավարության հետ բանակցությունները բազմախոստում են, եւ ես հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին որոշում կընդունվի»,- ավելացրել է նա։
Մինչ արեւմտյան դաշնակիցներն Ուկրաինա են ուղարկում բավականաչափ զենք ինքնապաշտպանության նպատակով, ուկրաինացիները բավարար քանակությամբ տեխնիկա չունեն՝ իրենց տարածքը հետ բերելու համար, ասել է Փապերգերը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է 600-800 տանկ, եւ այդ քանակն ապահովելու համար պետք է արագ սկսվի նոր տանկերի արտադրությունը։
Rheinmetall-ը այս ամիս կմիանա DAX-ի գերմանական ինդեքսին, ուրբաթ տեղեկացրել է Deutsche Boerse-ը՝ հղում կատարելով պաշտպանության ծախսերի ավելացմանն Ուկրաինայում պատերազմի հետ կապված։
Ընկերության բաժնեթղթերը հունվարին հասել են ռեկորդային առավելագույնին՝ Ուկրաինա «Leopard» ծանր տանկեր ուղարկելու որոշումից հետո, գրել է Reuters-ը։





























