Երեւանում նոյեմբերի 7-9-ն ընկած ժամանակաշրջանում տեղի կունենա հայ-բելգիական բիզնես-ֆորումը` «Բելգիական շաբաթը Հայաստանում»:

Ֆորումի անցկացման մանրամասները քննարկվել են այսօր` սեպտեմբերի 20-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, ով պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում, եւ «Հայաստան-Բելգիա» առեւտրական պալատի ղեկավար Վելերի Սաֆարյանի միջեւ կայացած հանդիպման ժամանակ:

Ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու են Բելգիայի բազմաթիվ ձեռնարկատերեր: Միջոցառման շրջանակներում հայկական եւ բելգիական բիզնեսների ներկայացուցիչների միջեւ քննարկվելու են երկկողմ համագործակցության հեռանկարները:

Ավելի վաղ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լիեժի քաղաքապետ Վիլլ Դեմեյերոմի հետ: Լիեժի քաղաքապետը եւ Հայաստանի վարչապետը քննարկել են տնտեսական բնույթի մի շարք հարցեր: Դեմեյերը վարչապետին ներկայացրել է քաղաքի զարգացմանն ուղղված քաղաքականությունը եւ խնդրել է Հայաստանին օժանդակել Լյեժին` «Էքսպո-2017» միջազգային ցուցադրության կազմակերպման գործում, իսկ Տիգրան Սարգսյանը քաղաքապետին հրավիրել է Հայաստան: