ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չորեքշաբթի այցելել է Եգիպտոս, որպեսզի Կահիրեին տեղեկացնի անվտանգության եւ այլ ոլորտներում կապերը խորացնելու իր ցանկության մասին, սակայն սպասվում է, որ նա մտահոգություն կհայտնի երկրում մարդու իրավունքների վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը:

Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ աս-Սիսին, որը որպես բանակի ղեկավար գլխավորել է 2013 թվականին Եգիպտոսի առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի տապալումը, ճնշել է քաղաքական այլախոհությունը, այդ թվում՝ ազատական քննադատներին եւ իսլամիստների հակառակորդներին: 

Իրավապաշտպան խմբերի տվյալներով՝ տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվել են, ընդ որում՝ նրանցից շատերը երկար ժամանակ գտնվել են նախնական կալանքի տակ։

«Ես լիովին ակնկալում եմ, որ նա կանդրադառնա մարդու իրավունքներին, հիմնարար ազատությունների հարգմանը»,-հայտարարել է Պենտագոնում գործակալության բարձրաստիճան աղբյուրը:

Միացյալ Նահանգները վաղուց արդեն մեծ ռազմական եւ այլ օգնություն է ցուցաբերում Եգիպտոսին 1979 թվականին հարեւան Իսրայելի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից ի վեր: Կահիրեն մնում է Վաշինգտոնի մերձավոր տարածաշրջանային դաշնակիցը։  

Սակայն Վաշինգտոնը մերժել է Կահիրեին փոքր քանակությամբ ռազմական օգնություն տրամադրել՝ վկայակոչելով մարդու իրավունքների ոլորտում պայմանների չկատարումը, իսկ իրավապաշտպան խմբերը պնդում են, որ օգնությունն ավելի մեծ ծավալով չտրամադրվի։ 

«Եգիպտոսը չպետք է «քարտ-բլանշ» ստանա Միացյալ Նահանգներից, երբ նա շարունակում է խախտել մարդու հիմնարար իրավունքները, եւ ես հուսով եմ, որ պետքարտուղար Օսթինը կօգտվի այդ հնարավորությունից, որպեսզի այդ միտքը հասցնի նախագահ Սիսիին»,-Reuters գործակալությանը հայտարարել է դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին:

Մարդու իրավունքների պաշտպանները Վաշինգտոնին կոչ են անում խստացնել վերաբերմունքը Սիսիի նկատմամբ, նշում է գործակալությունը:

Բայց որոշ ներկայիս եւ նախկին ամերիկացի պաշտոնյաներ ասում են, որ ԱՄՆ-ն կարող է միայն սահմանափակ քայլեր ձեռնարկել Եգիպտոսի եւ մարդու իրավունքների հարցերով այլ դաշնակիցների նկատմամբ, եթե ցանկանում է խուսափել մրցակից տերությունների ազդեցության ուժեղացումից: