Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը (NIS) երեքշաբթի փակ հանդիպում է անցկացրել օրենսդիրների հետ՝ քննարկելու Կիմի ընտանիքի, այդ թվում նրա դստեր՝ Կիմ Չժու Էի մասին տեղեկությունը։ Նա վերջերս հայտնվել է հանրության առաջ, գրում է Next Shark-ը: 

Փակ հանդիպմանը ներկա օրենսդիրներ Յուն Կուն Յոնի եւ Յու Սան Բոմի խոսքով՝ Կիմ Չեն Ընն ունի երեք երեխա՝ Կիմ Չժու Էնը եւ երկու որդի։  

«Կիմ Չժու Էնն, ըստ երեւույթին, տանն է ուսում ստանում, եւ նրա հոբբիները ներառում են ձիավարություն, լող եւ դահուկներ: Մասնավորապես, տեղեկություններ կան, որ Կիմ Չեն Ընը բավական գոհ է ձիավարության նրա գերազանց հմտություններից»,-նշում է պարբերականը  վկայակոչելով իր աղբյուրները։ 

Անցյալ տարվա նոյեմբերին Կիմ Չեն Ընն առաջին անգամ իր 9-ամյա դստերը ներկայացրեց հանրությանը։ Նա ներկա էր «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման արարողությանը։  

Փետրվարին նա ուղեկցում էր հորը Կորեական ժողովրդական բանակի 75-ամյակի ռազմական խնջույքի ժամանակ։ 

Նրա վերջին հրապարակային ելույթները հարցեր եւ տեսություններ են առաջացրել ապագա առաջնորդության վերաբերյալ, սակայն Հարավային Կորեայի արտաքին հետախուզությունը կարծում է, որ Կիմ Չեն Ընի համար դեռ վաղ է իրավահաջորդ նշանակելը, քանի որ նա դեռ երիտասարդ է եւ առողջ:  

Թեեւ Կիմ Չժու Էի եղբայրների ու քույրերի մասին քիչ բան է հայտնի, միջազգային տեղեկատվության համաձայն՝ Կիմ Չեն Ընի առաջնեկը որդին է։ 

Նրա երրորդ երեխայի սեռը դեռ հայտնի չէ։ 

Հարավկորեացի օրենսդիր Յու Սան Բոմի խոսքով՝ Հյուսիսային Կորեան կարող է մոտ ապագայում փորձարկել իր նոր պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, ինչպես նաեւ զորավարժություններ անցկացնել մարտին կամ ապրիլին։