Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ձեռնարկած ռազմական ագրեսիան հանգեցրել է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների Ուկրաինայում։ Սակայն անցած տարի քաղաքացիական ազատությունների մակարդակն իջել է ոչ միայն հետխորհրդային տարածքում. անցած տարի պետական հեղաշրջումները եւ օրինական ճանապարհով ընտրված իշխանությունների աշխատանքը խափանելու փորձերն ապակայունացրել են իրավիճակն այնպիսի երկրներում, ինչպիսին են Բուրկինա Ֆասոն, Թունիսը, Պերուն եւ Բրազիլիան։ Այս մասին նշվել է «Ազատությունն աշխարհում – 2023» ամենամյա հաշվետվությունում, որը հինգշաբթի հրապարակել է Freedom Housе իրավապաշտպան կազմակերպությունը։
Ինչպես նշել են հաշվետվության հեղինակները, գլոբալ ազատության մակարդակն իջնում է արդեն 17-րդ տարին անընդմեջ։ Այն երկրների, որտեղ գրանցվել է քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների ընդհանուր բարելավում, եւ ազատությունների ընդհանուր նվազում գրանցած երկրների միջեւ տարբերությունը 2022թ. նվազել է՝ հասնելով նվազագույն մակարդակի գլոբալ վատթարացման 17 տարիներին։ Աշխարհի 195 երկրներից 84-ն է 2022թ. ճանաչվել ազատ։
Խորհրդային Միության փլուզումից երեք տասնամյակ հետո Եվրասիայում գերիշխում է ավտորիտարիզմը, եւ խորհրդային նախկին երկրներից ոչ մեկն անցյալ տարի չի ճանաչվել ազատ, բացի Բալթյան երկրներից։ Դեմոկրատական կառավարման այս բացակայությունն ապակայունացրել է տարածաշրջանը, քանի որ ավտոկրատներն օգտագործում են ռազմական ուժ՝ հարեւանների դեմ գրոհելու եւ ներքին այլախոհությունը ճնշելու համար, նշել են կազմակերպությունում։
2022թ. Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա կենտրոնական տեղ է զբաղեցրել եվրասիական տարածքում ակտիվ եւ սառեցված հակամարտությունների շարքում։ Փետրվարյան հարձակումը նշանավորել է կտրուկ թեժացում ռուսական ագրեսիայի ավելի սահմանափակ ագրեսիայից հետո։ Այս ամենը հանգեցրել է տասնյակ հազարավոր մահերի, դեպի Եվրոպա փախստականների հետ կապված մեծ ճգնաժամի եւ հեռուն գնացող հետեւանքների՝ ամբողջ աշխարհի տնտեսության եւ անվտանգության համար։
Պատերազմն Ուկրաինայում, նշել են հաշվետվության հեղինակները, լուրջ հետեւանքներ է ունեցել Բելառուսի ինքնիշխանության համար, քանի որ ռուսական զորքերը գործել են բելառուսական տարածքից։ Դա նաեւ խորացրել է Մոլդովայում հակամարտության վերականգնման սպառնալիքը, որտեղ անջատողական Մերձդնեստրում երկար ժամանակ տեղակայվում է ռուսական կայազորը։ Այն ուժեղացրել է լարվածությունը Ռուսաստանի կողմից Վրաստանից անջատված Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, որտեղից Մոսկվան դուրս է բերել իր ուժերի մի մասը՝ Ուկրաինայում զորքերին օգնելու համար։ Ուկրաինայով Կրեմլի մտահոգությունը խանգարել է նրան կառավարել մրցակցությունը կամ մանիպուլացնել հակամարտություններն այլ տեղերում։
Պատերազմն Ուկրաինայում 2022թ. նաեւ ստիպել է եվրոպական դեմոկրատիային վերիմաստավորել իր պահանջմունքներն անվտանգության ոլորտում։ Ֆինլանդիան եւ Շվեդիան հրաժարվել են ռազմական չեզոքության իրենց վաղեմի քաղաքականությունից եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, իսկ Գերմանիան կրկնապատկել է իր պաշտպանական բյուջեն։ Եվրամիությունը միահամուռ պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ, Ուկրաինային միլիարդավոր դոլարների օգնություն տրամադրել եւ ընդունել ավելի մեծ թվով ուկրաինացի փախստականների։
Բացի այդ, հաշվետվությունում նշվել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի քիչ թվով ավտորիտար դաշնակիցներ են բացահայտ աջակցել նրա ագրեսիվ պատերազմին Ուկրաինայի դեմ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չի աջակցել ներխուժմանը եւ Ռուսաստանին ռազմական աջակցություն չի ցուցաբերել՝ չնայած այն բանին, որ 2022թ. սկզբին նա Մոսկվայի եւ Պեկինի երկկողմ գործընկերությունն անվանել է «անսահման»։
Հաճախ այն կարծիքն է հնչում, որ Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրները գտնվում են Մոսկվայի աշխարհաքաղաքական ծիրում, սակայն Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը հրաժարվել են ճանաչել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների անեքսիան, եւ նրանք բոլորը հետեւում են ռուսական բանկերի դեմ մտցված պատժամիջոցներին։
Կրեմլի ամենահավատարիմ դաշնակիցը տարածաշրջանում նախկինի պես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է, որը կախված է Մոսկվայի աջակցությունից, որպեսզի պահպանի իր թույլ իշխանությունը։ Ընդ որում՝ Բելառուսը 2022թ. տխուր «ռեկորդ» է սահմանել՝ մտնելով աշխարհի ամենաանազատ երկրների թոփ-10՝ զիջելով միայն Աֆղանստանին, Տաջիկստանին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությանը, Հասարակածային Գվինեային, Հյուսիսային Կորեային, Էրիթրեային, Թուրքմենստանին, Սիրիային եւ Հարավային Սուդանին։
Չտեսնված մասշտաբների կոռուպցիան Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին հանգեցրել է այն բանին, որ վարչակարգն անկարող է հասնել իր ագրեսիվ պատերազմի նպատակներին։ Չնայած Կրեմլը վերջին երկու տասնամյակում հարյուր միլիարդավոր դոլարներ է ծախսել ռուսական բանակն արդիականացնելու համար, այն մնում է վատ զինված ուժ, որի զինվորները հաճախ պատշաճ չափով ապահովված չեն պարենով եւ դեղամիջոցներով, օգտագործում են խորհրդային ժամանակների քարտեզներ եւ զենք։
«Շատերը Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում հավատացել են Պուտինի մեծախոսությանն այն մասին, որ ռուսական ռազմական հնարավորությունները համապատասխանում են ՆԱՏՕ-ի հնարավորություններին եւ քանիցս գերազանցում են Ուկրաինայի հնարավորությունները, բայց պատերազմի ընթացքն արագ հերքեց այդ պնդումները,- նշվել է հաշվետվությունում։- Ռուս զինակոչիկների ընտանիքներն այժմ խնդրում են զինվորներին ապահովել ամեն ինչով՝ զրահաբաճկոններից մինչեւ վիրակապեր։ Բայց դա չի կանգնեցրել Կրեմլին. զինվորները նորից մահվան են ուղարկվում, քանի որ պատերազմը շարունակվում է, եւ պարտության խոստովանությունը սպառնալիքի տակ կդներ ուժի այն պատրանքը, որից մասամբ կախված է Պուտինի ոչ լեգիտիմ իշխանությունը»։
Անցած տարի ավելացել են նաեւ սպառնալիքներն անկախ լրագրողների դեմ։ Անցած տարի, Freedom House-ի գնահատականներով, լրատվամիջոցների ազատությունը ենթարկվել է ճնշման առնվազն 157 երկրներում եւ տարածքներում։
Ռուսաստանում, ինչպես նշվել է հաշվետվությունում, լրատվամիջոցների երկար տարիների ճնշումն ընդունել է ծանր բնույթ, քանի որ կառավարությունը փորձել է ամեն կերպ վերացնել ներքին ընդդիմությունը Ուկրաինա ներխուժելու հարցում։ Ռուս անկախ լրագրողները եւ լրատվամիջոցները երկար ժամանակ պայքարել են օրենքների դեմ, որոնք դրոշմել են նրանց օտարերկրյա գործակալների, ծայրահեղականների կամ «անցանկալիների» խարանով։ 2022թ. իշխանություններն արգելել են հասանելիությունը անկախ ռուսական եւ օտարերկրյա շատ լրատվամիջոցների համար, որոնք դեռեւս գործում էին երկրում, ներառյալ «Эхо Москвы»-ն, «Дождь»-ը, «Голос Америки»-ն, Би-би-си-ն եւ «Медуза»-ն։ Որոշ օտարերկրացի լրագրողների մուտքը Ռուսաստան նույնպես արգելվել է։





























