Փարիզի դատարանը մերժել է Ֆրանսիայի նախագահի կնոջ՝ Բրիժիթ Մակրոնի քաղաքացիական հայցը. նա հայց է ներկայացրել երկու կանանց դեմ, որոնք ինտերնետում լուրեր են տարածել այն մասին, որ նա, իբր, տրանսգենդեր է, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում կատարելով դատական փաստաթղթին։
Բրիժիթ Մակրոնը, նրա երեք երեխաները եւ եղբայրը դիմել են դատարան 2022թ. փետրվարին։ Ֆրանսիայի առաջին տիկինը զայրացել է YouTube-ի տեսահոլովակի պատճառով, որտեղ նշվել է, որ նա, իբր, մի ժամանակ տղամարդ է եղել՝ Ժան-Միշել Տրոնիե (Տրոնիեն առաջին տիկնոջ օրիորդական ազգանունն է) անունով։
Հայցվորները փորձել են փոխհատուցում ստանալ անձնական կյանքի իրավունքի խախտման համար։ Բայց դատարանը չի ընդունել հայցը՝ համարելով, որ դրանում ներկայացված փաստերը պետք է որակված լինեն որպես հանրային զրպարտություն։
Առաջին տիկինը դեռ կարող է շահել գործը, քանի որ քաղաքացիականին զուգահեռ՝ նա քրեական հայց է ներկայացրել հենց «հրապարակային զրպարտության» բողոքով։ Գործի դատաքննությունը շարունակվում է։





























