Պենտագոնը կֆինանսավորի  «Հավանայի ախտանիշի» ծագման պատճառների հետազոտման փորձերը, գրել է Politico թերթը։

«Պաշտպանության նախարարությունը կֆինանսավորի փորձերը կենդանիների վրա, որպեսզի պարզվի, թե արդյոք ռադիոհաճախական ալիքները կարող են լինել առեղծվածային հիվանդության պատճառ, որը հայտնի է որպես «Հավանայի ախտանիշ», որով վերջին տարիներին տառապում են հարյուրավոր պետծառայողներ ԱՄՆ-ում»,- տեղեկացրել է պարբերականը։

Անցած տարվա սեպտեմբերին Պենտագոնը Միչիգանի Ուեյնի համալսարանին է տրամադրել 750 հազար դոլարի դրամաշնորհ՝ հետազոտելու համար ռադիոհաճախական ալիքները աքիսների վրա, որոնց ուղեղը նման է մարդու ուղեղին։ Դրամաշնորհի մասին տեղեկությունը տեղադրված է USASpending.gov կայքում, նշել է թերթը։

Հետազոտության նպատակը, փաստաթղթերի համաձայն, այն է, որպեսզի պարզվի, թե արդյոք այդ ազդեցությունն առաջացնում է ախտանիշներ, որոնք զգացել են ամերիկյան գերատեսչության աշխատակիցները Հավանայում, Կուբայում եւ Չինաստանում անցած տարի։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Թիմ Գորմանը Politico-ին հայտնել է, որ Ուեյնի պետական համալսարանին եւ Միչիգանի համալսարանի աշխատակիցներին տրամադրված դրամաշնորհը «թույլ կտա մշակել եւ թեստավորել կենդանիների լաբորատոր մոդել՝ ուղեղի թեթեւակի ցնցման նմանակման համար»։

«Հավանայի ախտանիշը» այս անվանումն է ստացել այն բանից հետո, երբ Կուբայի մայրաքաղաքում 2016 եւ 2017թթ. ԿՀՎ-ի եւ պետդեպարտամենտի աշխատակիցները դժգոհել են վատ ինքնազգացողությունից եւ արտասովոր ախտանիշներից, մասնավորապես՝ լսողական հալյուցինացիաներից եւ գլխում ճնշման զգացողությունից։ Նրանցից ոմանք դժգոհել են տեսողական խդնիրներից։ Տուժածների զննումը կատարվել է Փենսիլվանիայի համալսարանում։

Փորձագետներն այն ժամանակ հայտարարել էին, որ պացիենտների օրգանիզմի վրա ֆիզիկական ազդեցության նշաններ չեն հայտնաբերել, ինչը կարող էր նման ախտանիշներ առաջացնել։ Նրանց խոսքով՝ դա «ասես ուղեղի ցնցում էր՝ առանց անմիջական ցնցման»։

Որոշ փորձագետներ  ենթադրել են, որ վատ զգացողության պատճառը կարող էր թաքնված լինել ռադիոալիքների ազդեցության մեջ, որոնց ծագումն ու բնույթն անհայտ են արեւմտյան հատուկ ծառայություններին։

2016թ. «Հավանայի ախտանիշից» դժգոհել է ավելի քան 200 ամերիկացի դիվանագետ, որոնք աշխատել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ասիայում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում։

ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք օգտագործել է «Հավանայի ախտանիշի» հետ կապված սկանդալը՝ որպես Կուբայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու պատրվակ։