Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունում ներգրավված են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ տարբեր պետությունների «կայսերական շահերը»։ Այս մասին Ֆրանցիսկոսն ասել է La Repubblica թերթին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանի առաջնորդին անվանելով «կիրթ մարդ»:

«100 տարվա ընթացքում տեղի են ունեցել երեք համաշխարհային պատերազմներ․ 1914–1918 թթ., 1939–1945թթ․, եւ ներկայիսը նույնպես համաշխարհային է։ Այն սկսվել է մաս-մաս, բայց բոլոր խոշոր երկրները ներգրավված են։ Որպես մարտի դաշտ է Ուկրաինան։ Այնտեղ բոլորը կռվում են», -նշել է նա։

Ֆրանցիսկոսի կարծիքով՝ հակամարտությունում ներգրավված են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ տարբեր պետությունների «կայսերական շահերը»։

Հռոմի պապն ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո ինքն անձամբ է գնացել Սուրբ Աթոռում Ռուսաստանի դեսպանատուն՝ պատրաստակամություն հայտնելու մեկնել Մոսկվա, եթե «Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը իրեն բանակցության հնարավորություն տա»։

«Լավրովն ինձ գրեց՝ երախտագիտություն հայտնելով, բայց նշելով, որ հիմա դրա պահը չէ», - հիշում է Ֆրանցիսկոսը: