Աստանան հուսով է, որ եվրոպական երկրների հետ արագ բանակցություններ կսկսվեն Ղազախստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման շուրջ, հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն:

«Մենք ակնկալում ենք մեր քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների շուտափույթ սկիզբ, ինչպես դա նախատեսում Է Ղազախստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ ընդլայնված գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագիրը»,-ասել է նա։ 

Վասիլենկոյի խոսքով ՝ վիզային ռեժիմի դյուրացումը ենթադրում է Ղազախստանի քաղաքացիների համար շենգենյան վիզաների արժեքի նվազեցում, փաստաթղթերի ցանկի կրճատում, որոնք անհրաժեշտ են նման վիզա ստանալու համար, ինչպես նաեւ վիզային դիմումների քննարկման ժամկետների կրճատում:

«Մենք ունենք ընդլայնված գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտին։ Այդ համաձայնագրում, հոդվածներից մեկում, ասվում է, որ կողմերը համաձայնում են բանակցություններ սկսել վիզային ռեժիմի դյուրացման շուրջ, որպեսզի նպաստեն մարդկանց միջեւ շփումներին եւ ուղեւորությունների փոխանակմանը»,-ասել է նա։

ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ Ղազախստանը 2017 թվականին ԵՄ բոլոր պետությունների քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել: «Այդ պատճառով մենք, իհարկե, փոխադարձության հույս ունենք, եւ այդ հարցը եվրոպական կողմի ներկայացուցիչների հետ Ղազախստանի ներկայացուցիչների գրեթե բոլոր բանակցությունների առարկան է»,-եզրափակել է նա։