Հայաստանի Հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները հաշվի են առնում նոր, ոչ թե գործող տնտեսությունների շահերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գեւորգյանը` մեկնաբանելով Հողային օրենսգրքում փոփոխությունները, որը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սեպտեմբերի 14-ին:
Համաձայն նախագծի, որի համահեղինակներն են ՀՀԿ-ից պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Վարդան Այվազյանը, «Բարգավաճ Հայաստանից» Գոհար Ենոքյանը եւ «Օրինաց երկրից» Հեղինե Բիշարյանը, գյուղնշանակության հողերի տարածքի վրա գտնվող մինչեւ 5 հազ. քմ գյուղատնտեսական արտադրության ձեռնարկություններն ազատվում են հողի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց: Տարբերությունը ձեւավորվում է արտադրական օբյեկտի կառուցումից հետո, որից հետո հողի կատեգորիան պետք է փոխել արտադրականի, ինչը մի քանի անգամ բարձր է: Այսպես, օրինակ , Ավշար համայնքում գյուղնշանակության 1 հա ոռոգվող հողի կադաստրային արժեքը 203,8 հազ. դրամ է, իսկ արտադրական նշանակության հողինը` 773 հազ. դրամ:
Նշված տարբերությունը վճարելուց ազատվում են նաեւ ջերմոցային տնտեսությունները, թռչնաֆերմաները, մթերային սառնարանային տնտեսությունները:
Ա. Գեւորգյանի կարծիքով` օրենքն արտոնություններ է սահմանում միայն նոր տնտեսությունների, ոչ թե գործողների համար: «Պետությունից մենք միայն մեկ բան էինք խնդրել` մեզ հնարավորություն տան աշխատել: Երբ մեզնից որեւէ մեկը ցանկանում էր ինչ-որ բան կառուցել, անմիջապես սկսվում էին անվերջանալի ընթացակարգերը: Ուստի մենք ժամանակին խնդրել էինք, որպեսզի նման տիպի առավելությունը հետին թվով` որպես համաներում տրամադրեին գործող տնտեսություններին: Իսկ նախագիծը խոսում է միայն նորերի, ոչ թե գործողների մասին»,-նշեց Գեւորգյանը:
Նորերի համար, ըստ նրա, շահավետ տարածքներ շատ քիչ են մնացել: Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջերերի մակարդակը խիստ նվազել է, ինչը դժավարացնելու է ապագա լճակների ջրամատակարարումը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյնաը, օրինագիծը կարող է էապես թեթեւացնել ունեւորների համար նոր, փոքր արտադրությունների ստեղծումը: «Եթե հիշում եք, նախկինում գյուղական վարչակազմերը հողային ֆոնդ էին առանձնացնում երիտասարդ ընտանիքների համար: Սակայն երբ նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների մոտ ձեւավորվեց կապիտալ, տեղական իշխանությունները որոշեցին հողերը վաճառել` բյուջեները համալրելու անվան տակ: Դրանք վաճառվում էին բացառապես «հզոր» անձանց: Հիմա արդեն խոշոր եւ ունեւոր հողատերերը պատրաստ են ներդրումներ կատարել եւ տնտեսելու հնարավորություն ստանալ»,-հայտարարեց Ա. Մարտիրոսյանը:
«Չեմ կարծում, որ օրինագիծը մշակելիս հաշվի են առնվել սովորական գյուղաբնակների շահերեը: Այսօր ինձ ոչ ոք չի ապացուցի, որ շարքային գյուղացին ոչ թե հինգ հազար, այլ գոնե երեսուն քմ-ի վրա կարող է նոր սենյակ կառուցել` որդուն ամուսնացնելու համար: Էլ չասած` արտադրական օբյեկտների մասին: Այնպես որ, արտոնությունների հասցեատերերը նորից խոշոր ձեռնարակատարերն են»,-կարծում է Ա. Մարտիրոսյանը:




























