Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար շեյխ Աբդուլլահ բին Զաիդը ողջունել է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագիրը՝ որպես տարածաշրջանում «կայունության եւ բարգավաճման կարեւոր քայլ», հաղորդում է Reuters-ը:
Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները բազմամյա թշնամանքից հետո, որը սպառնում էր Պարսից ծոցում կայունությանն ու անվտանգությանը եւ նպաստում Մերձավոր Արեւելքում հակամարտությունների հրահրմանը՝ Եմենից մինչեւ Սիրիա, նշել է նա:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է երկրում տեղի ունեցող անկարգությունները:
Նրա խոսքով՝ Թեհրանը ապացույցներ ունի, որ Էր Ռիադը «ֆինանսական օգնություն է ցուցաբերում այդ (Iran International) եւ այլ գործակալություններին ու հեռուստաալիքներին, հակաիրանական ընդդիմադիր խմբավորումներին, որոնք գործում են արտասահմանում, ինչպես նաեւ անջատողական խմբավորումներին, որոնք տեղակայված են Իրաքյան Քրդստանում»։
Նա նաեւ նշել է, որ Սաուդյան Արաբիան ֆինանսավորել է վերջին տարիներին նրանց գործունեությունը։





























