Թուրքական Hürriyet թերթը գրել է Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժերից տուժած մեքենաների համարանիշների հետ կապված խարդախությունների մասին։

Պարբերականի տեղեկացմամբ՝ երկրաշարժերից տուժած շատ շրջաններ վաճառքի են հանել իրենց խիստ վնասված ավտոմեքենաները։

Ինչպես գրել է պարբերականը, փորձագետները նախազգուշացրել են վտանգների մասին՝ կապված շարքից դուրս եկած այդ մեքենաների վաճառքի հետ։ Նրանց տվյալներով՝ չարամիտ մարդիկ գնում են այդ մեքենաները շարժչի համարների եւ շասսիների համար, «այդ համարները հետո պատճենվելու են գողացված մեքենաների վրա եւ նորից հանվելու են վաճառքի»։ «Խարդախության այս ձեւը հայտնի է նաեւ որպես «նենգափոխում»,- գրել է պարբերականը։

Ստամբուլի ավտոտրանսպորտի դիլերների ասոցիացիայի (IMAS) նախագահ, Ստամբուլի առեւտրի պալատի (ITO) անդամ Հայրեթթին Էրթեմելը հայտարարել է, որ երկրաշարժերի շրջանում վնասվել է մոտ մեկ մլն ավտոմեքենա, դրանց 25 տոկոսը պիտանի չէ։ «Չարամիտ մարդիկ գնում են անպետք մեքենաները հանուն շարժչի համարների եւ շասսիի։ Հետո այդ համարները պատճենվում են նույն մոդելի եւ գույնի մեքենայի վրա եւ վաճառվում են։ Անվտանգության գլխավոր վարչությունն աշխատում է, որպեսզի կանխի այս երեւույթը»,- թերթը մեջբերել է նրա խոսքերը։

Թուրքիայի ապահովագրական գնահատողների ասոցիացիայի (TÜSED) նախագահ Ահմեթ Նեդիմ Էրդեմը տեղեկացրել է, որ որոշ մեքենաներ գտնվում են փլատակների տակ։

«Մենք սպասում ենք, որ այդ մեքենաները կհանվեն առաջիկա օրերին։ Մյուս կողմից՝ կան նաեւ շատ մեքենաներ, որոնք չեն կարող գտնվել, այսինքն՝ կորած մեքենաներ են։ Եթե խիստ վնասված մեքենաներն այնքան են վնասված, որ անհրաժեշտ է դրանք հանել գործածությունից, դրանք պետք է անհապաղ գնահատեն փորձագետները եւ այդ մասին տեղեկացնեն ոստիկանությանը, ինչպես նաեւ արագ կանխեն այդ մեքենաների կրկնակի հայտնվելը ճանապարհներին։ Հակառակ դեպքում մենք կարող ենք բախվել շատ վտանգավոր իրավիճակների՝ կապված խարդախության հետ»,- նշել է նա։