«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 28-ին կայացած դատական նիստում ցուցմունք տվեցին երկու վկաներ՝ Վազգեն Սերոբյանն ու Կարեն Գրիգորյանը: Ընդ որում, դատական նիստում պարզվեց, որ վերջինս պարզապես շարքային գործակալ է, որը համագործակցում է ոստիկանների հետ:

Պարզվում է նաեւ, որ այս գործակալի տեսողությունը լավագույնն է աշխարհում:

Գրիգորյանը, «վերհիշելով» 2007թ. հոկտեմբերի 23-ի դեպքերը, ոչ ավելի, ոչ պակաս հայտարարեց, թե մոտ 80 մետր հեռավորությունից, այն էլ օրվա մութ ժամին, տեսել է Փաշինյանին ոստիկանին հարվածելիս:

Հիշեցնենք, որ 2007թ. հոկտեմբերի 23-ին ընդդիմության ներկայացուցիչները քաղաքացիներին իրազեկում էին հանրահավաքի մասին, երբ Աբովյան-Կորյուն խաչմերուկում նրանց վրա էին հարձակվել ոստիկաները, եւ դաժան ծեծի ենթարկել մի խումբ լրագրողների, մի մասին էլ տեղափոխել էին ոստիկանական բաժիններ: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի դեմ քր.գործ էր հարուցվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Այսօր կայացած նիստում Կարեն Գրիգորյանը նշեց, որ կանգնած է եղել Աբովյան փողոցում գտնվող «Լիություն» խանութի մոտ եւ բավական հեռավորությունից տեսել է Նիկոլ Փաշինյանի հակաօրինական գործողությունը: Ընդ որում, նա հակասեց ոչ միայն «տուժող» Վազգեն Դաբաղյանին, այլեւ իրենից առաջ ցուցմունք տված Վազգեն Սերոբյանին: Առաջինը հայտնել էր, թե Փաշինյանն իրեն հարվածել է «Ուրարտու» խանութի մայթին, երկրորդը՝ թե Փաշինյանը ոստիկանին հարվածել է փողոցի երթեւեկելի մասում: Գրիգորյանն էլ բոլորովին այլ տեղ մատնանշեց: Վկան, ի դեպ, չէր հիշում, թե ինչ էր այդ օրը հագել Փաշինյանը, ինչպես է խփել ոստիկանին, որտեղ է խփել, ոնց է խփել, բայց «հիշում» էր, որ խփել է:

Պաշտպան Երվանդ Վարոսյանը, որը ժամանակին աշխատել էր ոստիկանությունում որպես քննիչ, հիշեց Գրիգորյանին՝ որպես ոստիկանության հետ համագործակցող գործակալի, ինչից հետո Կարեն Գրիգորյանը խառնվեց ու սկսեց հակասական հայտարարություններ անել՝ փորձելով հերքել այդ փաստը, սակայն ավելի խճճվելով իր ասածների մեջ:

Ինչեւէ, դատարանն ավարտեց այս մի վկայի հարցաքննությունը, եւ հետաձգեց նիստը մինչեւ հոկտեմբերի 29-ը, ժամը 12-ը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի