Այո, առաջնագծի կահավորման հետ կապված պրոբլեմներ կան, բայց այդ պրոբլեմները ֆինանսական չեն, այդ պրոբլեմները կազմակերպչական են, ինժեներական են։ Այս մասին այսօր՝ մարտի 14–ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեր աշխարհագրության բերումով, այո, շատ խոցելի ենք։ Ցավալի փաստ եմ ասում՝ Հայաստանում անխոցելի տարածք չկա, եթե մենք չունենք հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության հուսալի համակարգ։ Այ այստեղ էլ հարց կա, երբ որ ասում եք՝ Սերժ Սարգսյանը էս ա ասում, էս ա ասում, իսկ հարցրեք՝ Հայաստանը 2018–ի դրությամբ ի՞նչ հակաօդային պաշտպանության համակարգ է ունեցել։ Այո, առաջնագծի կահավորման հետ կապված պրոբլեմներ կան, բայց այդ պրոբլեմները ֆինանսական չեն, այդ պրոբլեմները կազմակերպչական են, այդ պրոբլեմները ինժեներական են եւ այդպես շարունակ։ Մենք քայլ–քայլ պետք է իրականացնենք սահմանի, առաջնագծի կահավորումը, որպեսզի դրանք համապատասխանեն հնարավոր ամենաբարձր չափանիշներին»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այդ պրոբլեմների լուծումները երկար ժամանակ են պահանջում, բացի այդ, ըստ Փաշինյանի՝ կան մարդիկ, որոնք ինչ–որ պատճառով չեն կատարում իրենց պարտավորությունները։
«Նրանց հայտնաբերելը, պատասխանատվության ենթարկելը դա էլ է ժամանակ տանում։ Մյուս կողմից էլ բանակում կան հազարավոր նվիրյալներ, որոնք իրենց ուսերին կրում են այդ պատասխանատվությունը եւ մենք պետք է քաջալերենք նրանց, բայց դա չի նշանակում, որ պետք է թերությունների մասին լռենք»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։



























