Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի կնոջը՝ Աքշաթա Մուրթիին, ոստիկանը նկատողություն է արել Լոնդոնի Հայդ պարկում իր շան հետ զբոսանքի համար։ Ընտանի կենդանին առանց վզակապի է եղել: Այս մասին նշվում է Լոնդոնի իրավապահ մարմինների տարածած հայտարարության մեջ։

«Մենք տեղեկացված ենք տեսանյութի մասին, որում երեւում է Հայդ պարկում առանց վզակապի զբոսբող շունը»,- նշվում է հաղորդագրությունում, որը մեջբերել է BBC-ն։ Ոստիկանը հավելել է, որ իրենց աշխատակիցը խոսել է կնոջ հետ եւ նրան հիշեցրել կանոնները։ Դրանից հետո շանը վզակապ են հագցրել։

TikTok սոցցանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, որ ոստիկանության հետ խոսելուց հետո տղամարդը բռնում է մինչ այդ այգում վազող լաբրադորին։ Աքշաթա Մուրթին շանը վզակապ է հագցնում։ Այգում ցուցանակ կա, որ Սերպենտայն լճի մոտ զբոսնելիս շները պետք է վզկապով լինեն։

Սունակի գրասենյակը չի մեկնաբանել Նովա անունով լաբրադորի հետ կապված միջադեպը։