Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգենբերգին (նստավայրը` Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերության» մեկնարկը եւ դրա ներուժի ամբողջական օգտագործումը, հատկապես` մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հարցերը:

Դեսպանի խնդրանքով փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: