Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր` սեպտեմբերի 22-ին, առաջին պետական այցով ժամանում է Գերմանիա:

Այցի շրջանակներում պապը կայցելի Բեռլին, ինչպես նաեւ արեւելագերմանական Էրֆուրտը` Թուրինգիայի դաշնային հողի վարչական կենտրոնը: Բենեդիկտոս 16-րդի այցը կանցկացվի «Որտեղ կա Աստված, այնտեղ կա ապագա» կարգախոսի ներքո:

Նրա այցի կարեւորագույն մասը կլինի այցը ռեյխստագի պատմական շենք, որտեղ կմասնակցի Բունդեստագի նիստին: Պապը ելույթով հանդես կգա գերմանական խորհրդարանում:

Սեպտեմբերի 24-ին Ֆրայբուրգում տեղի կունենա Պապի հանդիպումը ԳԴՀ-ի կառավարության նախկին ղեկավար Հելմուտ Քոլի հետ, որին հաճախ անվանում են «գերմանական միության կանցլեր»:

Այցը տեղի կունենա աննախադեպ անվտանգության միջոցների ձեռնարկման պայմաններում: Միջոցառման պահակախմբի մեջ ներառվելու են ԳԴՀ-ի ոստիկանության 10 հազար աշխատակիցներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: