Հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքն ու Հայաստանում ժողովրդավարության վիճակն է հոկտեմբերի 28-ին քննարկվել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանի, Դավիթ Շահնազարյանի, Ավետիս Ավագյանի եւ Վլադիմիր Կարապետյանի հանդիպմանը ԵՄ Հարավային կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի հետ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Եվրամիությունում նախագահող Շվեդիայի ներկայացուցիչ, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակն ու հեռանկարները: Մանրամասն անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակի, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների եւ ԶԼՄ-ների ազատության, կոռուպցիայի հաղթահարման հարցերին:




























