ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ Սիմոնյանն այդ մասին հայտնել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Սիմոնյանը Գերմանիայի կառավարությանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում նոր` ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար եւ համոզմունք է հայտնել, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում:

Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, Լաչինի ճգնաժամի հետեւանքները:

«2023-ի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- նշել է Սիմոնյանը:

Նա ընդգծել է, որ ակնկալում է գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում` ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը: