Չեռնոգորիայի գործող նախագահ Միլո Ջուկանովիչը եւ «Եվրոպան այժմ» շարժման նախագահ, տնտեսական զարգացման նախկին նախարար Յակով Միլատովիչն անցել են նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա ապրիլի 2-ին։ Այս մասին տեղեկացրել է երկրի Պետական ընտրական հանձնաժողովը։
Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Ջուկանովիչը հավաքել է 35,37 տոկոս ձայն, Միլատովիչը՝ 28,92։ Թեկնածու Անդրիա Մանդիչը, որը կողմ է, որ Չեռնոգորիան հարաբերություններ ունենա Ռուսաստանի եւ Սերբիայի հետ, հավաքել է 19 տոկոս ձայն։
Ընտրությունները տեղի են ունեցել ձգձգվող քաղաքական ճգնաժամի պայմաններում, որը հաջորդել է 2020թ. խորհրդարանական ընտրություններում Չեռնոգորիայի Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության պարտությանը, կուսակցության նախագահն է Ջուկանովիչը։
Երկրի նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով եւ կարող է այդ պաշտոնն անընդմեջ զբաղեցնել երկու անգամից ոչ ավելի։ Չեռնոգորիան խորհրդարանական հանրապետություն է, իսկ պետության ղեկավարը կատարում է հիմնականում ներկայացուցչական գործառույթներ։ Այնուամենայնիվ, նախագահը կարեուր դեր է կատարում կառավարության ձեւավորման եւ վարչապետի թեկնածուի առաջադրման գործում։





























