ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը երեքշաբթի զգուշացրել է Չինաստանին Ռուսաստանին մահասփյուռ զենք տրամադրելու վերաբերյալ, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Մենք ապացույցներ չենք տեսել, որ Չինաստանը մահասփյուռ զենք է տրամադրում Ռուսաստանին, բայց տեսել ենք որոշ նշաններ, որ Ռուսաստանը դրանք խնդրել է, եւ որ այդ հարցը դիտարկվում է Պեկինում Չիանստանի իշխանությունների կողմից,- ասել է Սթոլտենբերգը լրագրողներին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնատեղիում կայացած մամուլի ասուլիսում։- Չինաստանը չպետք է մահասփյուռ զենք տրամադրի Ռուսաստանին. դա կնշանակեր աջակցություն անօրինական պատերազմին»։

Դաշինքի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ դաշինքի երեսուն երկրներից յոթը հասել է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի թիրախային ցուցանիշին՝ ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով, եւ դաշնակիցներին կոչ է արել արագ ավելացնել իրենց ռազմական ծախսերը։

«Անկասկած, մենք պետք է ավելին անենք, եւ մենք պետք է դա ավելի արագ անենք։ Մեր ունեցած տեմպերը, երբ խոսքը պաշտպանական ծախսերի ավելացման մասին է, այնքան էլ բարձր չեն,- ասել է Սթոլտենբերգը։- Ավելի վտանգավոր դարձած աշխարհում մեքն պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք պաշտպանության ոլորտում»։

Սթոլտենբերգի խոսքով՝ սկզբում դաշինքը սպասում էր, որ եւս երկու երկիր կհասնի նշված ցուցանիշին։

«Բայց քանի որ մի քանի դաշնակիցների ՀՆԱ-ն ավելի է մեծացել, քան սպասվում էր, երկու դաշնակից, որոնք, ինչպես մենք սպասում էինք, պետք է հասնեին 2 տոկոսի մակարդակին, այժմ 2 տոկոսից մի փոքր ցածր մակարդակում են»,- ասել է նա։