«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը այսօր, ելույթ ունենալով Ազգային ժողովում, դիմել է վարչապետին եւ ասել, որ անթույլատրելի է նման հայտարարություններ անելը, հատկապես այն բանից հետո, երբ Անկարան հորդորել է հաշվի չառնել Սփյուռքի կարծիքը: Նա նաեւ անթույլատրելի է համարել պաշտոնական Երեւանի լռությունը Անկարայի նման ագրեսիվ հռետորությանը:

Պատասխանելով այս մեղադրանքներին, վարչապետը հիշեցրել է այն նոր կոնցեպցիաների մասին, որոնք քաղաքական կյանքում կյանքի է կոչել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հենց այս համատեքստում, նրա խոսքով, հիմք է դրվել Սփյուռքի նախարարությանը, մշակվել հայկական աշխարհի կոնցեպցիան, որի բաղկացուցիչ մասն է դարձել ոչ միայն Հայաստանը, այլեւ Ջավախքը, Լեռնային Ղարաբաղը եւ Սփյուռքը: «Այնպես որ նման մեղադրանքները կառավարության հասցեին անհիմն են» ,-ընդգծել է վարչապետը՝ բնական համարելով այն փաստը, որ հայկական աշխարհի տարբեր մասեր կարող են տարբեր շահեր ունենալ եւ պետք չէ դրա համար անհանգստանալ":

Սարգսյանը կարծում է, որ միայն Սփյուռքի մի փոքր քաղաքականացված հատվածն է դեմ հայ-թուրքական արձանագրություններին եւ այդ հատվածի դիրքորոշումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանը: «Հայաստանի Հանրապետությունը հայկական աշխարհի շարժիչ ուժն է եւ պատասխանատու է ողջ հայոց աշխարհի համար, եւ ես, իբրեւ վարչապետ, նույնպես»,- հավաստիացրել է վարչապետը:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Երեւանը չի պատասխանում Անկարայի ագրեսիվ հայտարարությանը, Սարգսյանն ընդգծեց. «Չեմ կարծում, թե ճիշտ կլինի պատասխանել Անկարայի բոլոր հայտարարություններին, այն կթուլացնի մեր դիրքերը: Մեր գաղափարական հիմնավորումը եւ դիրքորոշումները շատ ամուր են»:

Վարչապետի պատասխանը, սակայն, չբավարարեց Շահբազյանին, ով ասաց, որ «Հայաստանի եւ Սփյուռքի շահերը չեն կարող տարբերվել, մեր շահերը ընդհանուր են, այն է՝ կառուցել ուժեղ, անկախ եւ միացյալ Հայաստան»: